«Տղաս իմ կյանքի ամենակարևոր մարդն է». Լիլիթ Բասյանի և որդու տոնական ֆոտոշարքը
«Տղաս իմ կյանքի ամենակարևոր մարդն է»։ Սննդաբան Լիլիթ Բաբասյանը, ով սկսել է ներկայանալ Լիլիթ Բասյան անվամբ, 2019-ը հաջող տարի է համարում՝ իր բոլոր անկումներով ու վերելքներով հանդերձ: Նա և որդին՝ 5-ամյա Ալեքսանդրը, արդեն զարդարել են իրենց տան տոնածառը, հասցրել են նամակ գրել Ձմեռ պապին ու սպասում են 2020-ին՝ վստահ, որ այն շատ ավելի լավն է լինելու:
Tert.am Life-ը տոնական ֆոտոշարք է իրականացրել Լիլիթի ու որդու հետ: Սննդաբանի հետ զրուցել ենք փոքրիկի հետ հարաբերությունների, նրա ծննդից հետո փոխված կյանքի մասին, ինչպես նաև ամփոփել 2019-ը:
«Ես շատ եմ սիրում Ամանորը: Որդուս ծննդից հետո իմ կյանքում ամեն ինչ, այդ թվում՝ տոները, նոր իմաստ են ստացել: Մենք արդեն զարդարել ենք տոնածառը: Երբ երեխա ունես, ամեն ինչ անում ես, որպեսզի նա ավելի շուտ սկսի զգալ տոնական տրամադրությունը: Տոնածառի խաղալիքներն Ալեքսն է ընտրել, ես միայն որոշ դետալներ եմ ավելացրել, տեսքն ամբողջացնելու համար: Արդեն Ձմեռ պապիկին էլ ենք նամակ գրել: Ցանկությունների մեծ ցանկ ունենք,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ որդին խաղալիքներ է խնդրել Ձմեռ պապիկից,- Նա ուզել է այն, ինչ ունի: Երեկ էլ իր համար տարբեր լեգոներ գնեցինք, բայց դա այն խաղն է, որը շատ է սիրում, լեգոն իր ուզած նվերներից մեկն է»:
Լիլիթը հաճախ է նվերներ մատուցում որդուն, միաժամանակ, տղային սովորեցնում է, որ պետք է արժանանալ այդ նվերներին. «Կարծում եմ՝ իրեն արդեն ոչնչով չես զարմացնի: Ես չեմ ուզում, որ տղաս լկստված լինի, բայց և չեմ ուզում որ աչքն ինչ-որ բանի մեջ մնա: Նա ունի օրագիր, որտեղ ստանում է «Լավ» ու «Վատ» պահվածքի գնահատականներ, «Լավ» գնահատականների համար նա արժանանում է իր նվերներին:
Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի երեխաս ոչնչի կարիք չունենա: Այնքան եմ ափսոսում, որ շատ եմ աշխատում, աշխատանքն ինձնից շատ ժամանակ է խլում: Հնարավորության դեպքում կուզեի ամբողջ օրս Ալեքսի հետ անկացնել, բայց այն ամենը, ինչ անում եմ, ևս իր համար է: Ի վերջո, մենք պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք լավագույնն ապահովել մեր երեխաների համար: Դա կյանքի բնականոն ռիթմ է՝ առանց աշխատելու ոչնչի չես հասնի»:
Մայրիկը նկատեց, որ որդու հետ ինքն էլ է մանկանում: Նա և Ալեքսը բազմաթիվ սիրելի խաղեր ունեն, հաճախ մայր ու որդի տեղափոխվում են երևակայական մոլորակներ: Տղային դաստիարակելիս էլ Լիլիթը հաճախ օգտագործում է խաղային տարբերակներ: «Ալեքսը միակ երեխան է, որպեսզի հանկարծ եսակենտրոն չլինի, սովորեցրել եմ, որ մենք նարինջ ենք և պետք է պատրաստ լինենք կիսվել, ինչպես նարինջը»,- ասաց Լիլիթը, իսկ Ալեքսը, ով ներկա էր զրույցին, հավելեց. «Եթե ինչ-որ մեկը խնձոր է, նա չի կիսվում, բայց մենք խնձոր չենք:)»:
Նույնիսկ չարությանը բարությամբ պատասխանելը մյուս կարևոր արժեքն է, որ Լիլիթը սովորեցնում է իր տղային. «Կյանքում մենք տարբեր տեսակի մարդկանց կարող ենք բախվել, բայց ամենակարևորը մեր տեսակը չկորցնելն է: Երբ քեզ վատություն են անում, չպետք է վատությամբ պատասխանես: Հենց այդտեղ է քո և տվյալ մարդու տարբերությունը: Որդուս էլ միշտ ասում եմ, որ չարությանը պետք է բարությամբ պատասխանել»:
Որդու հետ հարաբերություններում Լիլիթը շատ է կարևորում ընկերներ լինելը: «Առաջին հերթին ես ուզում եմ Ալեքսի ընկերը լինել: Ես գիտեմ, որ եթե անգամ նա սխալներ գործի, ես իրեն չեմ թողնի դրանց համար: Ես չեմ ձգտում լինել գրքերից վերցրած իդեալական մայրիկի կերպար: Չեմ ընդունում է «պարտավոր է» արտահայտությունը: Եթե մենք երեխային կյանք ենք նվիրել, պետք է նաև ազատություն տանք, չպետք է ղեկավարենք իր կայնքը, այլ հարց է, որ պետք է սովորեցնենք, թե ինչպես քայլի կյանքի ճանապարհով: Որքան էլ ասես, որ դիմացը փոս է, մեկ է, նա գնալու է դեպի այդ փոսը:
Երբ ընկնի, պետք է օգնես կանգնել, ոչ թե ասես՝ ես ասում էի… Մինչև երեխան չընկնի, չի հասկանա, որ այդտեղ իսկապես վտանգ կար: Ինքս էլ եմ այդպես արել: Մենք բոլորս մեր սխալների վրա ենք սովորում,- ասաց նա ու հավելեց, որ նույնիսկ հագուստի ընտրության ժամանակ որդուն ազատություն է տալիս,- բնականաբար, ես իրեն տարբերակներ եմ առաջարկում, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվի, հասկանա, ինչն ինչի հետ կարելի է համադրել, սակայն վերջնական ընտրությունն իրեն եմ թողնում: Ի վերջո, ինքը պետք է իրեն հարմարավետ զգա տվյալ հագուստի մեջ»:
Լիլիթի խոսքով՝ մինչև որդու ծնունդը մտածում էր, որ շատ խիստ մայրիկ է լինելու, սակայն տղան ծնվեց ու իր կյանքում փոխվեց ամեն ինչ, այդ թվում՝ դաստիարակության մասին պատկերացումները:
«Տղաս իմ կյանքի ամենակարևոր մարդն է: Ալեքսն իմ պաշտպանն է: Առհասարակ, ես այնպիսի մարդ եմ, որը սիրում է թիկունքում ամրություն, պաշտպանություն զգալ: Ես փոքրուց Ալեքսին ասում եմ, որ ինքն իմ պաշտպանն է: Քանի Ալեքսը չէր ծնվել, հաճախ էի երևակայում, թե ինչպիսի մայրիկ կլինեմ: Ես կարծում էի, որ շատ խիստ եմ լինելու, բայց երբ նա ծնվեց, ես սկսեցի ինձ, իմ զգացմունքները հիշել փոքր տարիքում: Արդյունքում աշխարահընակուլմս, երեխային դաստիարակելու պատկերացումս լրիվ փոխեցին: Ես քիչ եմ զայրանում իր վրա: Մենք հորինում ենք տարբեր խաղեր: Ամեն ինչ փորձում եմ խաղերի միջոցով բացատրել»,- ասաց նա:
Ամփոփելով 2019 թվականը՝ Լիլիթն ասաց, որ չնայած բոլոր բարդություններին՝ այն լավ տարի է համարում: «Այս տարի մեծ քայլ արեցի և ստեղծեցի այն դիետիկ սև հացը, որի մասին երազում էի, տարին եզրափակում եմ նոր ձեռքբերմամբ՝ արդեն ստեղծել եմ սև պանիր: Ինձ համար սա հաջող տարի էր՝ իր վերելքներով ու անկումներով հանդերձ: Ես տարին եզրափակում եմ թռիչքով, ոչ թե անկումով»,- եզրափակեց նա:
Աղբյուր՝ tert.am