Մամուլ

Տղամարդը մտել է դասարան, աշակերտի շորերը հանել, ծեծել․ երեխայի մայր

Օրերս համացանցում տեղեկություն տարածվեց, թե Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 16-ամյա տղան ինքնասպանության է հասցրել իր համադասարանցի աղջկան։

Նշվում էր, որ 16-ամյա աղջիկը այդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, տնից դուրս է եկել՝ թողնելով գրություն՝ «իր կյանքին վերջ տալու մասին»։

Oragir.News-ը կապ է հաստատել 16-ամյա տղայի մոր՝ տիկին Արմինեի հետ, վերջինս հայտնեց, որ համացանցում հայտնած տեղեկությունն ամբողջությամբ խեղաթյուրված է և չի համապատասխանում իրականությանը։

Տիկնոջ խոսքով՝ սա առաջին անգամը չէ, երբ կոնֆլիկտ է լինում այս երեխաների միջև, բայց այս անգամ աղջնակի հորեղբայրը շատ հեռուն է գնացել, մտել է դասարան և բոլորի աչքի առաջ սկսել է հարվածել իր որդուն։

«3 տարի առաջ այդ մարդը՝ Նարեկ Ա․-ն, նորից որդուս խփել էր, ականջի թաղանթը վնասվել էր, այնքան էր խփել, որ երեխուս ուշքը գնացել էր, բայց ինձ չէին ասել, որ երեխուս ականջից արյուն էլ է եկել։ Ես դիմել էի Ոստիկանություն, բայց այդ անգամ նրա ծնողի ծնկաչոք խնդրանքից հետո, գործը հետ էի վերցրել։

Անցած ամիս՝ սեպտեմբերի 9-ին, երբ տղաս մտել է դասարան, այդ աղջիկն ասել է՝ «վըխք», տղաս էլ պատասխանում է՝ «վարակը ձեր ընտանիքն է»։ Աղջիկը զանգում է հորեղբորը, հորեղբայրը գալիս է դպրոց, պահակին բրդել, գետնին գցելով մտնում է դասարան, դասղեկի և աշակերտների ներկայությամբ երեխայիս ծեծում է, շորը հագից հանում է ու նորից ծեծում է Դասղեկը ուզել է նրա ձեռքրից հանի, դասղեկն էլ է հարվածներ ստացել։

Նշեմ, որ երեխաս ունի հաշմանդամության կարգ, ծեծելու հետևանքով այս պահին ունի գլխուղեղի ցնցում՝ 1-ին աստիճանի․․․»,- պատմեց Արմինե Հ․-ն, ապա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել և դպրոցի անձնակազմը ցուցմունք է տվել աղջկա հորեղբոր դեմ։

«Ճիշտ է, իրենք մի քիչ փող ունեն, ուզում են՝ պրծնեն, բայց չեն կարող»։

Տիկնոջ խոսքով՝ իր որդին որևէ անգամ հենց այնպես չի վիրավորել այդ աղջկան, հակառակը՝ այդ աղջնակն է ամեն անգամ տղայի երեսով տալիս հայր չունենալու հանգամանքը։

«Ես միայնակ մայր եմ, այդ աղջիկը տղայիս ասել է՝ անտեր, հիմա էլ ուզում են այս ձևով տղայիս գլխին բարդեն կատարվածը, բայց ես բոլոր փաստերն ունեմ։ Նաև տնօրենն ու դասղեկն են ցուցմունք տվել ու նշել, թե ինչ է կատարվել։ Տուժողը իմ երեխան է, ոչ թե այդ աղջիկը, բայց հիմա ուզում են, ինչ-որ բան սարքեն իմ երեխու գլխին․․․»,- հավելեց անչափահաս տղայի մայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել