«Տեր-Պետրոսյանը հայաստանյան իրականություն ներմուծեց արժեքներ». Արման Մուսինյան
«Տեր-Պետրոսյանը հայաստանյան իրականություն ներմուծեց արժեքներ». Արման Մուսինյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և հասարակության առողջ զարգացման տեսանկյունից:
Չնայած մեր նորանկախ պատմության վայրիվերումներին ու այդ արժեքների նկատմամբ սանձազերծված արշավանքներին` այսօր էլ ինքն է մնում այդ արժեքների պահպանման ու տարածման ջահակիրը:
Խոսքի արժեքը – Կուռ, հիմնավոր, պարզ, զերծ կեղծիքից, ստից ու սեթևեթանքներից:
Անպատասխան հարցեր չթողող և, որ առավել կարևոր է` մտքի ու գործողության հեռանկար բացող: Տեր-Պետրոսյանը երբեք չի չարաշահել խոսքը, հենց խոսքի արժեքի ու կշռի նկատմամբ տածած գուրգուրանքից:
Գործի արժեքը – որպես քաղաքական գործչի գերագույն նպատակ, դրանով սերունդներին ու պետությանը ծառայելու միակ միջոց:
Գործի նկատմամբ տածած գորով ու վերաբերմունքն է անկյունաքարայինը թիմակցի, պարտնյորի, նույնիսկ հակառակորդի գնահատման հարցում: Բացի այդ` Տեր-Պետրոսյանն անավարտ գործ չի թողնում:
Մի բան սկսեց, հասցնելու է իր ավարտին, ինչքան էլ ջանք այն չպահանջի: Ոտքից գլուխ քաղաքական վարքագիծը, հետևաբար, պատասխանատվության խորը գիտակցությունն ու անանձնականությունը – որը, ըստ էության, ներառում է վերը նշված արժեքները և դրան գումարում իր անելիքն ուրիշի վրա չգցելու, ամենադժվար պահին խրամատը չլքելու, սեփական անձը գործին ստորադասելու հատկությունները:
Մաքրամաքուր, գեղեցիկ ու հնչեղ հայերենը – հավելյալ բացատրությունների կարիք, վստահ եմ, չկա:
Նախագահ Տեր-Պետրոսյանի նվաճումների մասշտաբայնությունն ու պատմականությունը դեռ կբացվի հասարակության առաջ իր ողջ պերճանքով: Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Այն ուրացողները, խեղաթյուրողներն ու կեղծողներն անդառնալիորեն պարտվել են այս «պատերազմում»:
Նախագահի նվաճումները, ինչպես և նրա ներմուծած արժեքները դեռ երկար տարիներ հիմք են ծառայելու մեր ժողովրդի ու պետության հաջողությունների համար:
Այնպես, որ Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ իր անցյալի գործերով բացառիկ, եղել և մնում է ապագայի գործիչ` ջահը ձեռքին պահած:
Շնորհավոր»: