Մամուլ

«Տատը օգնություն էր կանչում, մինչև հասցրեցինք կոտրել պատուհանը, ձայնը կորավ, հարսն էլ տեղաշորում ծխախեղդ եղավ»

«Տատը օգնություն էր կանչում, մինչև հասցրեցինք կոտրել պատուհանը, ձայնը կորավ, հարսն էլ տեղաշորում ծխախեղդ եղավ»

Aravot.am-ը գրում է. Երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքի տներից մեկում, տունն ամբողջությամբ այրվել էր, փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը։

Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից․ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին:

Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «KAvZ» մակնիշի ավտոբուսը՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան»։ Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանն Aravot.am-ին պատմեց․ «Մահացողները հարս ու սկեսուր են:

Տղան, թոռները Ռուսաստանի Դաշնությունում են, կեսն՝ արտագնա աշխատանքի են, կեսն էլ Կրասնոդարի մարզում են բնակվում։ Հարս ու սկեսուր բնակվում են երկրաշարժից հետո կառուցված փայտյա ֆիննական տնակում, այդ տնակները ժամանակավոր կացության համար են:

Բնակիչների մի մասը քարով վերափոխել են իրենց տնակները, իրենք երևի հնարավորություն չեն ունեցել, մնացել է փայտյա։ Իրենց տնակը գազաֆիկացված չէ, իրենք տնակում վառարան են վառել մինչև երեկ։

Հարևանն ասաց, որ տատը միշտ մրսել է: 92 տարեկան հիվանդ կին է, հարսին ասել է ՝ իրիկունները վառի, տաքանամ, հնարավոր է դրանից բռնկված լինի հրդեհը։

Էլեկտրիկի ասելով, ամբողջ համակարգը երկու ամիս առաջ թոռի հետ են փոխել, քիչ հավանական է, որ էլեկտրականությունից լինի հրդեհը։ Տատը օգնություն էր կանչում, ես լսել եմ ձայնը: Պատուհանը ճաղավանդակներով էր, մինչև հասցրեցինք կոտրել, առաստաղը փլվեց ու ձայնը կորավ։

Իսկ հարսը տեղաշորի մեջ ծխախեղդ էր եղել։ Երկուսի մարմիններն իրար հետ երևի մի փոքր պարկի չափ բան էր մնացել։ Սոսկալի տեսարան էր։ Առավոտ ժամը 6․30-ին են հարսի դին գտել: Տատի ձայնի ուղղությամբ գիտեին, թե որ մասում է, իսկ հարսինը չգիտեինք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել