Տասնյակ դատավորների որդիներ և դատավորներ, ովքեր ինչ-ինչ հիմունքներով ազատվել են պարտադիր ծառայությունից
Ի՞նչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել դատավորներն ու նրանց որդիները։ Անդրադառնում ենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատված դատավորների որդիներին ու դատավորներին:
Հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանությունը՝ չենք հրապարակում որևէ մեկի առողջական խնդրի մասին տեղեկություն՝ անկախ այն հանգամանքից՝ տվյալ պաշտոնատար անձինք խնդրել են չհանրայնացնել այդ տեղեկությունը, թե ոչ:
Սկսենք Սահմանադրական դատարանի գործող ու նախկին անդամների որդիներից:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի որդիները՝ Պապին Թոխյանը և Վաչագան Թոխյանն ազատվել են զինծառայությունից: Ֆելիքս Թոխյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերը. ավագ որդին՝ 37-ամյա Պապին Թոխյանը, ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, կրստեր որդին՝ 32-ամյա Վաչագան Թոխյանը` առողջական հիմքով:
Թոխյանը ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի սեպտեմբերի 23-ից:
ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի որդիները՝ Հայկ և Արամ Խաչատրյանները ևս չեն ծառայել: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Աշոտ Խաչատրյանը հայտնել է, որ թե՛ ավագ որդին՝ 27-ամյա Հայկ Խաչատրյանը, թե՛ կրտսեր որդին՝ 26-ամյա Արամ Խաչատրյանն, ազատվել են զինծառայությունից իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունենալու հիմքով:
Աշոտ Խաչատրյանը ՍԴ անդամ է 2010 թվականի դեկտեմբերի 9-ից:
ՍԴ անդամ Հրանտ Նազարյանի որդին՝ 27-ամյա Տիգրան Նազարյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Հրանտ Նազարյանը տեղեկացրել է, որ որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
ՍԴ նախկին անդամ, ՍԴ նախկին փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի որդին՝ Գևորգ Հովհաննիսյանն էլ է ազատվել զինծառայությունից: Վոլոդյա Հովհաննիսյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ որդին ազատվել է զինծառայությունից ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով:
Վոլոդյա Հովհաննիսյանը ՍԴ անդամ է նշանակվել 1996 թվականի փետրվարի 6-ին:
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ ԱԳ նախկին խոսնակ, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը չի ծառայել ԶՈՒ-ում: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով՝ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունենալու հիմքով:
Կիմ Բալայանի մյուս որդին՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ծառայել է մեկ տարի, Բալայանը վաղաժամ է զորացրվել ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով:
Կիմ Բալայանը ՍԴ անդամ է նշանակվել 2003 նոյեմբերի 18-ին: