Շոու-բիզնես

«Տանը՝ բազմոցին նստած, համացանցում անցկացնում ենք շատ ժամանակ՝ դրանից 30 րոպեն տրամադրեք սեփական մարմինը գեղեցկացնելուն»․ Օլյա Հակոբյան

«Տանը՝ բազմոցին նստած, համացանցում անցկացնում ենք շատ ժամանակ՝ դրանից 30 րոպեն տրամադրեք սեփական մարմինը գեղեցկացնելուն»։ Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջին շրջանում ինստագրամյան իր էջում պարբերաբար կիսվում է մարզասրահում արված մոտիվացիոն հոլովակներով։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է մարզվելու, մոտիվացիայի և սննդակարգ պահել-չպահելու մասին։

«Մարզասրահում ստաբիլ մարզումներս սկսել եմ մեկ տարի առաջ, սակայն մինչ այդ էլ տան պայմաններում որոշ վարժություններ թեկուզ 20 րոպեով արել եմ։ Մարզվելուս դրդապատճառը միայն ցանկությունս է եղել՝ այնպես չէ, որ օրինակ գեր եմ եղել և նիհարելու խիստ կարիք զգացել։ Անկեղծ, ինձ դժվար չի եղել սկսելը, քանի որ միշտ սիրել եմ տարատեսակ մարզումներ, ուղղակի մինչ այդ չէի կարողանում մարզասրահ գնալուն ժամանակ տրամադրել, սակայն հիմա մարզասրահ գնալը կանոնի նման բան է դարձել»,- ասաց դերասանուհին։

Օլյա Հակոբյան

Ըստ Օլյայի՝ ինքը բացի այն, որ խստապահանջ է իր հանդեպ, նաև իրեն դժվար է գոհացնելը․ «Ես երբեք լիովին գոհ չեմ լինում՝ ընդ որում ոչ մի ասպարեզում։ Ես միշտ մտածում եմ, որ դեռ քիչ է, վատ է, պետք է ավելիին ձգտել, բայց, միևնույն ժամանակ, ինձ համար մոտիվացիա է լինում, երբ դրական կարծիքներ եմ լսում։

Եթե սկսում եմ մի նոր բան, ապա պետք է լսեմ գովեստի խոսքեր՝ դրանից մոտիվացվում եմ, չնայած, եթե անգամ դա բացակայի էլ՝ հոգ չէ, ուղղակի դրա առկայությունը՝ հաճելի է։ Իմ «ես»-ի հանդեպ անչափ խստապահանջ եմ, բայց եթե ուրիշից քննադատություն լսեմ, ապա հակառակվելու բնավորությունը մեջս գլուխ է բարձրացնում»,- ասաց Օլյան։

Դերասանուհու խոսքով՝ ինքը համեղ ուտել սիրում է, սակայն երբ պետք է՝ կարողանում է հետևողական լինել սննդակարգի հանդեպ։

Օլյա Հակոբյան

«Անկեղծ ասեմ, սիրում եմ համեղ ուտել և հիմնականում ինձ չեմ զրկում, բայց եղել են շրջաններ, երբ սնվել եմ հատուկ կարգով՝ հանգիստ ստացվում է մոտս։ Քաղցրեղենից մի քանի բան կա, որոնց հանդեմ ես անզոր եմ»,- ասաց դերասանուհին։

Ինչ վերաբերում է սեփական օրինակով մոտիվացնելուն՝ Օլյան ասաց․ «Ես հասկանում եմ, որ մարզադահլիճ գնալու հնարավորություն կամ ժամանակ կարող է չլինել, բայց երբ տանը՝ բազմոցին նստած, համացանցում անցկացնում ենք շատ ժամանակ՝ դրանից 30 րոպեն կարելի է տրամադրել սեփական մարմինը գեղեցկացնելուն։ Կան բազմաթիվ հոլովակներ և ես ինքս էլ սկսել եմ նմանատիպ տեսանյութերի շարք անել, որը հնարավոր է իրականացնել տան պայմաններում»։

Օլյա Հակոբյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել