Տաղանդավոր երիտասարդներին կառավարությունը ամառային զորակոչից տարեկետման հնարավորություն տվեց
ՀՀ կառավարության որոշմամբ, պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում է տրվել մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող տաղանդավոր երիտասարդներին ։
Որոշում կայացվեց ՀՀ քաղաքացի 3 տաղանդավոր երիտասարդների պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին։ Զինծառայությունից ազատված երեք երիտասարդները մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մուշեղ Ավետիսյանը, Գագիկ Վարդանյանն ու Միսակ Հարթենյանն են։
Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանը 2017 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի պարարվեստի ուսումնարանի «Դասական պար» բաժինը և ուսումնարանն ավարտելուց հետո հրավիրվել է աշխատելու Մոսկվայի պետական թատրոնի բալետային խմբում` որպես բալետի արտիստ, Վ. Մ. Գորդիևի ղեկավարությամբ։ 2018 թվականին վերապատրաստվել է Կրեմլի թատրոնում Ա. Բ. Պետրովի գլխավորությամբ, 2018 թվականի նոյեմբերի 1-10-ը վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։
2019 թվականի մարտին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ։
Գագիկ Աշոտի Վարդանյանը 2019 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի վոկալի բաժինը։ Որպես բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգիչ գրանցված է «The Best ones in Education» հանրագիտարանում, որին կից ստացել է նաև ոսկե մեդալ և պատվոգիր։
ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով ելույթ է ունեցել «Մադամ Բատերֆլայ», «Ռիգոլետտո» և «Բոհեմ» օպերային ներկայացումներում:
Հաղթող է ճանաչվել մի շարք հանրապետական ու միջազգային հեղինակավոր մրցույթներում։
Միսակ Սամվելի Հարթենյանը 2019 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատի գրաֆիկայի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին` Հայ կերպարվեստի հիմնադրամի պատվավոր անդամ է:
Մեծ ներդրում ունի հայ կերպարվեստը հանրահռչակելու և հայ մշակույթը զարգացնելու գործում: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին: 300 գեղանկարչական աշխատանքների և 2 գրքերի հեղինակ է:
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում։ 2019 թվականին նախատեսվում են նրա ցուցադրություններն Իտալիայում, Չինաստանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։