Վրացական համարներով «յաշիկի» վարորդը պարեկին գումար է առաջարկել․ «յաշիկը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Վրացական համարներով «յաշիկի» վարորդը պարեկին գումար է առաջարկել․ «յաշիկը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկը ժամը 17։00-ի սահմաններում՝ ծառայության ժամանակ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 159 կմ հատվածում կանգնեցրել է Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան ու վարորդին հայտնել է, որ դիմապակու մգությունը պետք է ստուգվի հատուկ սարքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ստուգումներից հետո պարզվել է, որ դիմապակու լուսաթափանցելիությունը կազմել է 71 տոկոս, ու կրտսեր պարեկը վարորդին հայտնել է, որ պետք է վարչական արձանագրություն կազմի։
Դրանից հետո վարորդը ներկայացրել է իր անվամբ վրացական անձնագիրը, ապա, ըստ պարեկի, անձնագրի միջից հանել է 5000 դրամ և առաջարկել է, որ այն պարեկը վերցնի՝ փոխարենը վարչական արձանագրություն չկազմի և իրեն ճանապարհի։
Կրտսեր պարեկը, սակայն, կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է «յաշիկի» վարորդին և տեղափոխել Ոստիկանության Աշոցքի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վարազդատ Մ․-ն է։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։