Վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։