Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ. Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:
Ավելին՝Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:
Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: