Ժամանց

Վիկտոր Համբարձումյանի շշմեցուցիչ պատասխանը, երբ մութ ու ցուրտ տարիներին ուզեցել են բացառության կարգով հոսանք հասցնել նրա տուն

Հայ քաղաքական, ռազմական և պետական գործիչ Վահան Շիրխանյանը պատմում է՝ Վիկտոր Համբարձումյանի շշմեցուցիչ պատասխանը, երբ մութ ու ցուրտ տարիներին ուզեցել են բացառության կարգով հոսանք հասցնել նրա տուն։

Մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարևանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը:

Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել: Շատ վատ է զգացել իրեն եւ հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, բայց գիտնականի տանը անպայման լույս հասցնեն:

Հաջորդ օրը աշխատանքից տուն է հասել ու տեսել է, որ աստղաֆիզիկոսի տանը լույս է վառվում, սակայն ուրախությունը կարճ է տեւել: Չնայած ուշ ժամին, գիտնականն անհամբեր սպասել է Շիրխանյանին, որ հայտնի իր դժգոհությունը:

Վահան Շիրխանյանը պատմեց, որ տուն չհասած՝ աղջիկը մոտեցել է ու ասել, որ հայրն ուզում է իրեն տեսնել: Մոտեցել է՝ Վիկտոր Համբարձումյանը շատ բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել ու այնպես կոպիտ ու վճռական է ասել, որ այլընտրանք չի թողել:

ՊՆ փոխնախարարն ասել է՝ այսօր, եթե կա մեկը Հայաստանում, որ լույս ունենալու իրավունք ունի, դա Դուք եք: Վիկտոր Համբարձումյանի պատասխանը՝ եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ. ինչպես իմ ժողովուրդն է, այնպես էլ ես։

Կիսվել