Մամուլ

«Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ». տղամարդը հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել տաքսու վարորդներին ու թալանել վերջիններիս

«Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ». տղամարդը հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել տաքսու վարորդներին ու թալանել վերջիններիս

1in.am-ը գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ավետիս Շ.-ի գործի դատական քննությունը:42-ամյա Ավետիս Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել 6 դրվագ ավազակային հարձակումների ու կողոպուտների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ 3 դրվագ, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 20-ի սահմաններում, Ավետիս Շ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է Արգամ Հ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը: Վաղարշյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտ Ավետիս Շ.-ն հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել մեքենայի վարորդին ՝ նպատակ ունենալով նրան հասցնել անգիտակից վիճակի, զրկել դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և հափշտակել մոտը եղած գումարներն ու գույքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդի քունը տարել, նա ամբողջովին թուլացել է սուրճի հետ խմած դեղի ազդեցությամբ: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել՝ իբր վարորդին հանգստանալու հնարավորություն տալով: Նա նստել է վարորդի տեղը, վարորդը տեղափոխվել է մեքենայի հետնամաս, գիտակցությունը կորցրել է, իսկ Ավետիսը մեքենան վարել է ոչ թե իր մատնանշած գյուղ, այլ… Քանաքեռի գերեզմանատուն:

Նա հափշտակել է մեքենայի սրահում գտնվող 5 հազար դրամ մետաղադրամը, 70 հազար և 5500 դրամ արժողության բջջային հեռախոսները: Իսկ երբ Ավետիսը ձեռքը մտցել է վարորդի տաբատի գրպանը՝ այնտեղ եղած 75 հազար դրամը հափշտակելու նպատակով, նրա ձեռքի հպումից վարորդը մեքենայի մեջ արթնացել է, լինելով ֆիզիկապես թուլացած վիճակում՝ փորձել է դիմադրել, բայց Ավետիս Շ.-ն սպառնացել է՝ ասելով. «Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ»:

Հափշտակելով վարորդի գրպանում եղած գումարը՝ Ավետիս Շ.-ն փախել է: Արգամ Հ.-ին պատճառվել է ընդհանուրը՝ 155 հազար 500 դրամի գույքային վնաս: Վարորդը փոքր-ինչ սթափվելուց հետո մեքենան վարել, հասել է բենզալցակայանի մոտ և այլևս չի կարողացել մեքենան վարել, կանգնեցրել է ճամփեզրին: Նրան պատահաբար հայտնաբերել են այդ հատվածով երթևեկող նրա եղբայրները, տարել են տուն: Տուժողը տանը 7-8 ժամ քնել, մի կերպ ուշքի է եկել ու գնացել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 19-ին, ժամը 20-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Երևանի Մոսկովյան փողոցում նստել է Հովհաննես Դ.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Սևան քաղաք: Երթևեկության ընթացքում Երևանի Աճառյան փողոցում Ավետիսը հոգեմետ դեղամիջոցով սուրճ է հյուրասիրել վարորդին: Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, վարորդի քունը տարել է, նա թուլացել է:

Ավետիսը, ըստ իր ծրագրի՝ առաջարկել է տեղերով փոխվել, վարորդի համաձայնությամբ նա նստել է մեքենայի ղեկին, իսկ վարորդը կորցրել է գիտակցությունը: Ավետիսը նրան տեղափոխել է Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի մոտ, հափշտակել է նրա մոտ եղած 5 հազար դրամը և 10 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ Հովհաննես Դ.-ին ընդհանուրը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիս Շ.-ն 2018 թվականի փետրվարի 10-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում նստել է Արամ Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է մեքենան վարել Երևան քաղաքով: Ճանապարհին ասել է՝ աղջիկ լինի, վերցնենք, տանենք հյուրանոց… Խորենացի փողոցում Ավետիսը տաքսու վարորդին հոգեմետ դեղամիջոցով կաթով սուրճ է հյուրասիրել, ինչի ազդեցությունից վարորդը քիչ անց գիտակցությունը կորցրել է:

Ավետիս Շ.-ն անգիտակից վիճակում գտնվող վարորդից հափշտակել է 50 հազար դրամ և 4500 դրամ արժողության բջջային հեռախոսը՝ Արամ Ա.-ին ընդհանուրը՝ պատճառելով 54 հազար 500 դրամի գույքային վնաս: Այս վարորդը անգիտակից վիճակում մնացել է մեքենայի մեջ, որոշ ժամանակ անց փոքր-ինչ սթափվել, դուրս է եկել մեքենայից, օգնություն է խնդրել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններից, բայց չի հիշել, թե նրանց ինչ է ասել: Հետագայում 1-02 հաղորդման ժամանակ տեսել է Ավետիսին, անմիջապես ճանաչել է, վստահ է եղել, որ նա իրեն քնեցրել ու թալանել է… Տուժողը դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 17-ին Ավետիս Շ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ժամը 23-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի հետ Երևանի Թումանյան փողոցում նստել է Միսակ Կ.-ի կողմից վարած «Տոյոտա» մեքենան, պատվիրել է իրենց տանել Մարտունի քաղաք»:

Մանրամասները՝ այստեղ։

Կիսվել