Մամուլ

Վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և դրանից դուրս, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա

2 օր առաջ տեղի ունեցավ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրի ստորագրումը, որի «կնքահայրը» Չինաստանն է:

Պետք չէ կարծել, որ երկու պետությունների միջև հարաբերություններում միանգամից ձևավորվելու է վստահության մթնոլորտ, սակայն, վստահ եմ այստեղ չինական միջնորդությունը նաև որոշակի երաշխիքներ է տալու երկու կողմերին էլ և զսպաշապիկ հանդիսանա:

Իր հերթին Իրանի համար սա հնարավորություն է առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսներն առավել արդյունավետ բաշխել՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվացող ախորժակն ընդդեմ Իրանի շահերի Հարավային Կովկասում՝ մասնավորապես Սյունիքում: 

Ըստ էության, այս քայլով Չինաստանն արդեն դիրքավորվեց ոչ միայն որպես գլոբալ տնտեսություն, այլև գլոբալ միջնորդ այնպիսի խոշոր կոնֆլիտկերում, ինչպիսին է Իրան-ՍԱ կոնֆլիկտը:

Մինչ այդ, նման մասշտաբի հաշտեցման գործընթացների՝ այն էլ Մերձավոր Արևելքում, հիմնական «կնքահայրը» մշտապես ԱՄՆ-ն է եղել: 

Վաշինգտոնը բավականին զուսպ արտահայտվեց այս նախաձեռնության մասին, սակայն ակնհայտ է, որ սա չի բխում Վաշինգտոնի և Իսրայելի՝ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունից:

Ավելին, Սաուդյան Արաբիան համարվում է ԱՄՆ ամենից վստահելի դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում հենց ընդդեմ Իրանի:

Ի դեպ, վաշինգտոնյան որոշ քաղաքագիտական շրջանակներում բավականին հիմնավոր կարծիք կա, որ Չինաստանին առավել արդյունավետ հակակշռելու քաղաքականության համար անփոխարինելի է Իրանի հնարավոր դերակատարումը, և որ ԱՄՆ-ն պետք է Իրանի հետ հարաբերություններ կարգավորի նաև այս նպատակով:

Չմոռանանք, որ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելը Բայդենի վարչակազմի թիվ մեկ արտաքին առաջնահերթությունն ու մարտահրավերն է: 

Ստացվում է, որ Չինաստանն այս առումով մի քանի քայլ առաջ անցավ և առավել արագ գործեց: Նախ՝ Իրանին և Սաուդյան Արաբաիային բերելով իր խաղադաշտ՝ բարդացնելով Վաշինգտոնի գործը, զրկելով իր դեմ կոալիցիա ձևավորելու միանգամից երկու ճակատներում:

Բնավ սա չի նշանակում, որ Սաուդյան Արաբիան իր դերն ու նշանակությունը Վաշինգտոնի համար փոխելու է, կամ հակառակը, սակայն Չինաստանի նկատմամբ և Պեկինի երաշխիքներով Թեհրանի նկատմամբ այլ տեսակի դիրքավորում է ունենալու: 

Գանք Իրանին: Իհարկե չկա պատրանք, որ Իրանը վերջնականապես լուծել է իր խնդիրները Մերձավոր Արևելքում և այլևս ամեն ինչ կարգին է, սակայն հատկանշական է, որ հենց նույն օրը Իրանի ռազմական օդանավը թռիչքներ է իրականացնում և ըստ Ադրբեջանի խախտում է իր օդային տարածքը:

Սա, բնականաբար ցուցադրական դեմարշ էր, քանի որ Իրանը կարող էր նաև այլ ձևերով տեղեկություններ հայթայթել այդ տարածքների վերաբերյալ՝ ինքնաթիռ օդ հանելու փոխարեն:

Իրականում, սրանով Իրանը Ադրբեջանին և Թուրքիային ցույց է տալիս, որ ունի լրացուցիչ դիվանագիտական երաշխիքներ և ավելի շատ հասանելի ռեսուրսներ այս տանդեմին Հարավային Կովկասում դիմակայելու համար: 

Հետևենք զարգացումներին»:

Կիսվել