Մամուլ

«Վերջին Զանգ»-ի օրը դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է

«Վերջին Զանգ»-ի օրը դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ մամուլի և լրատվության բաժնից։

Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:

Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ:

Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Այգեպատ գյուղի բնակիչ:

Նա վիճելու էր եկել դանակով զինված: Տղային դանակահարելուց հետո նա հարձակվել էր նաեւ հոր վրա, որը, սակայն, բարեհաջող պաշտպանվել էր, եւ երիտասարդը դիմել էր փախուստի:

Ոստիկանները հաջորդ օրը Այգեպատ գյուղում հայտնաբերել են դանակահարողին, ձերբակալել եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Մայիսի 28-ին նա դատարանի որոշմամբ կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ:

Իսկ մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ից հայտնել են, որ երիտասարդն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Կիսվել