Վերնիսաժի առեւտրականները անելանելի դրության մեջ են. «Ժողովուրդ»
Վերնիսաժի առեւտրականները անելանելի դրության մեջ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերնիսաժի առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով՝ պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքականությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վերնիսաժի առեւտրականները դժգոհեցին, որ գիդերն իրենց զբոսաշրջիկներին Վերնիսաժի շուկա չեն բերում։
Պարզվում է, որ զբոսաշրջիկները հուշանվերներ, հայկական զարդեր գնում են քաղաքից դուրս գտնվող առեւտրի կետերից։ «Գնում են Երեւանից դուրս տեսարժան վայրեր, այնտեղից գնում են թանկ գնով հուշանվերներ, գալիս են մեզ մոտ, իմանալով մեր սահմանած գները՝ զարմանում են։
Բայց նույն գիդերը դրսի խանութների հետ ներքին պայմանավորվածություն ունեն. եթե գիդի տարած զբոսաշրջիկը 1 մլն դրամի առեւտուր է արել, ուրեմն 100 հազար դրամն իր գրպանում է։ Չեն թողնում՝ մեր շուկա մտնեն զբոսաշրջիկները. առեւտուր չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց Վերնիսաժի առեւտրականներից մեկը։
Նրանց պատմելով՝ կորոնավիրուս վարակի պատճառով իրենք բավականին լուրջ պարտքեր են կուտակել։ Ի դեպ, կան առեւտրականներ, որոնք, թողնելով տաղավարը, այլ աշխատանք են գտել եւ այդպես են օրվա հացը վաստակում։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։