Մամուլ

Վարդգես Պետրոսյան․ Պապը կորցրեց կյանքը, հայրը՝ երկիրը, որդին՝ հոր երգը։ Թոռը ոչինչ չի կորցնի, չի ունենա, որ կորցնի

Վարդգես Պետրոսյանը Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։

1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին՝ նախագահ, 1988-1994 թվականներին՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

1994 թվականի ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանը սպանվել է իր տան շքամուտքում։ 2000 թվականին Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով:

Վարդգես Պետրոսյանի հիմնական թեման երիտասարդներն էին ու իր Հայաստանը:

Ներկայացնում ենք խորիմաստ մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից․

1. Բոլոր ամուսնացածներին թվում է, թե չամուսնացածները երջանիկ են:

2. Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:

3. Բոլորը դերասան են դառել, իսկ թատրոններում դերասան չկա։

4. Հին մտերիմները երևի նրա համար են նաև հարկավոր, որ մեզ վերադարձնում են անցյալի մեր պարզ վիճակներին, երբ մենք դեռ անուն չունեինք, տարբերություններ չունեինք, երբ նույնն էր մեր վիշտն էլ, ուրախությունն էլ։

5. Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ. «Մի՛ կորցրեք, մարդի՜կ»։ 

6. Պապը կորցրեց կյանքը, հայրը՝ երկիրը, որդին՝ հոր երգը։ Թոռը ոչինչ չի կորցնի, չի ունենա, որ կորցնի:

7. Ով սիրում է, նա սիրո դեսպան է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։ Չար մարդիկ հաշվով ծնված ամուսնություններից են:

8. Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել։

9. Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները:

10. Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս:

Կիսվել