Վանաձորցի կինը հանուն ժառանգության՝ $10 հազարով պատվիրել է հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը
«Առաջին լրատվական»-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Սուսաննա Պապոյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ: 53-ամյա Սուսաննային մեղադրանք է առաջադրված շահադիտական դրդումներով իր հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը պատվիրելու, սպանության դրդելու, սպանության նախապատրաստական գործողություններ կատարելու՝ հանցակիցներ հավաքագրելու, նրանց նյութապես շահագրգռելու, ենթադրվող հանցագործության կատարման վայրը, տուժողների բնակության վայրը մատնացույց անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Պապոյանն իր հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինեի ու վերջինիս հոր՝ Հրանտի կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատճառված վնասի հատուցում 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված 27 միլիոն 937 հազար դրամի հայցը բավարարելու դեպքում նշված գումարի չափով գույքային պարտականությունները չկատարելու, նյութական ծախսերից խուսափելու շարժառիթով որոշել է սպանել 39-ամյա Լուսինեին ու 76-ամյա Հրանտին:
Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար հանցակիցներ հավաքագրելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Փարաքարում գտնվող «Նիկո» ռեստորանային համալիրում իր նախաձեռնությամբ կազմակերպել է հանդիպում իր ազգական Արմենի ու վերջինիս ընկեր Ավետիսի հետ: Սուսաննան նրանց պատվիրել է կազմակերպել ու իրականացնել Լուսինեի ու Հրանտի սպանությունը՝ խոստանալով յուրաքանչյուր սպանվածի համար վճարել 5 հազար դոլար:
Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան առաջարկել է սպանությունը կատարել տուժողներին խեղդամահ անելու կամ բարձրությունից ցած գցելու եղանակով՝ խնդրելով դա իրագործել այն ժամանակ, երբ ինքը Հայաստանից կմեկնի Հունաստան: Սպանությունների կազմակերպման կապակցությամբ 2015 թվականի հունվարին Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում Սուսաննան, ըստ մեղադրանքի, մեկ անգամ էլ է հանդիպել Արմենի ու Ավետիսի հետ, ստացել է պատվերը կատարելու համաձայնություն:
Սուսաննան ասել է, թե ցույց կտա Լուսինեի ու Հրանտի բնակության վայրը, նրանց լուսանկարները: Հաջորդ օրը Սուսաննան Արմենի ու Ավետիսի հետ, Արմենի վարած «Օպել» մեքենայով մեկնել է Վանաձոր: Ցույց է տվել, թե որտեղ են ապրում Լուսինեն ու նրա հայր Հրանտը: Սուսաննա Պապոյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնել չի կարողացել, որովհետև, ըստ մեղադրանքի, Արմենն ու Ավետիսը կամովին հրաժարվել են նրա պատվերը կատարելուց:
Շարունակությունը կարող եք կարդալ՝ այստեղ։