ՄամուլՍպորտ

Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույք եմ ստանում սպորտից. Արթուր Ալեքսանյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական  խաղերը: ԿԳՄՍ նախարարությունը այս անգամ բացահայտել է հայ օլիմպիականներից Արթուր Ալեքսանյանին:

Արթուր Ալեքսանյան

Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

-Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:

-Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:

-Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:

-Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:

-Արդյոք ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:

-Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:

Արթուր Ալեքսանյան

-Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ Օլիմպիական խաղերից:

-Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև Օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:

-Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր Օլիմպիական թիմի մասին:

-Նախորդ երեք Օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:

-Իսկ ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտը:

-Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:

-Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:

-Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ Ձեզ լավ գիտեն:

-Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է Օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:

– Հետաքրքիր է՝ Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:

-Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:

– Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:

-Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:

-Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում Ձեզ բոլորը ճանաչում և Ձեզ համար ցավում: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:

-Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Արթուր Ալեքսանյան

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:

-Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:

– Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:

Արթուր Ալեքսանյան

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է…

-Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:

Բլից հարցեր Արթուր Ալեքսանյանին

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Մեկ ամբողջ օր չէ, բայց շատ մարզիկներ կան, որոնց հետ կուզեի շփվել ու խորհուրդներ ստանալ:

-Ամենալավարժեքավոր խորհուրդըորը երբևէ Ձեզ տվել են:

-Չընկճվել ու պայքարել մինչև վերջ:

-Արթուր Ալեքսանյանի համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Իմ ընտանիքը:

-Ձեր կյանքի կանոնները:

-Չկան: Ինձ համար կյանքը պայքար է. պետք է միշտ պայքարենք:

-Ինչի՞ց է վախենում Արթուր Ալեքսանյանը:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն եք հավատում:

-Աստծուն:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Շատ վերնագրեր կարող էր ունենալ:

-Հարցորին անպայման կուզեիք պատասխանելբայց երբեք չեն հարցրել:

-Կարծում եմ՝ բոլոր հարցերը տվել են:

Կիսվել