Վախենում եմ, որ չեմ հասցնի ապրել, ժամանակ չկա. Մխիթար Ավետիսյան
Վախենում եմ, որ չեմ հասցնի ապրել, ժամանակ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երևանի պետական կամերային թատրոնի արտիստ, հաղորդավար, ֆիլմերի կրկնօրինակող Մխիթար Ավետիսյանն է, որին հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Ժիրայր Գլենց» սերիալում:
Նա անդրադարձել է հայտնի լինելու բարդություններին և առավելություններին, թատրոնի և կինոյի պարգևած էմոցիաների առանձնահատկություններին: Մխիթարը խոստովանել է, որ անընդհատ աշխատում է, և ապրելու համար ժամանակ պարզապես չի մնում: Նա խոսել է իր վախերի, ներքին հակասությունները լուծելու բանաձեւի մասին:
-Մանկության ամենավառ հուշերը ինչի՞ հետ են կապված:
-Ծնողներիս:
-Եղե՞լ է, որ բեմի մարդ լինելու համար զղջաք: Այն ի՞նչ անհարմություններ կարող է պատճառել:
-Երբեմն եղել է: Անհարմարությունները տարբեր կարող են լինել…
-Շարունակե՛ք միտքը. «Երբ ոչինչ այլեւս Ձեզ չի մխիթարում, անպայման օգնության է հասնում…»
-Մխիթարը, այսինքն` ես (ծիծաղում է):
-Ո՞րն է կյանքի տված լավագույն դասը Ձեզ:
-Գուցե դեռ չի եղել:
-Լիարժեք հանգստանալու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր եւ ո՞վ:
-Սիրելի մարդու հետ ամբողջ աշխարհով շրջելն է ինձ համար հանգիստը:
-Ինչի՞ց կամ ումի՞ց կախվածություն ունեք:
-Ինքս ինձնից:
-Ինչպե՞ս եք վարվում Ձեր ներքին հակասությունների հետ: Ո՞րն է դրանք լուծելու լավագույն ճանապարհը:
-Հաճախ զրուցում եմ ինձ հետ, հետո տանջում եմ մինչեւ այն պահը, երբ հասկանում եմ, որ արդեն բուժվել եմ:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Ցանկացած ոք:
-Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համակրում:
-Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում:
-Հայտնի դառնալը ինչո՞վ է օգնում եւ ինչո՞վ է վնասում մարդուն:
-Ե՛վ օգնում է, ե՛ւ վնասում: Եթե գործ ունենք լավ մարդու հետ, օգնում է, եթե ոչ, դեռ մի բան էլ վնասում է: Այսինքն` հայտնիությունը սրում է այն որակները, որոնք արդեն իսկ առկա են մարդու մոտ:
-Ըստ Ձեզ` ո՞ր դեպքում է ճշմարտությունն ասելն արդյունավետ:
-Միշտ, բոլոր դեպքերում: Ես երեսին ասող եմ, բայց ոչ շպրտող:
-Տարիքի հետ ընկերներ կորցնո՞ւմ եք, թե՞ ձեռք բերում:
-Երկուսն էլ: -Ձեր կյանքի դժվարությունը ինչի՞ հետ է կապված:
-Չեմ հասցնում ապրել, աշխատում եմ մտքով, հոգով, մարմնով ու չեմ հասցնում հանգստանալ:
-Հայաստանը Ձեզ համար ինչի՞ կամ ո՞ւմ հետ է ասոցացվում:
-Հայերի հետ, բայց նրանց, ովքեր գլուխ գովալու փոխարեն գործում են:
-Հե՞շտ եք ներում մարդկանց:
-Բավականին: Հիմնականում ներում եմ:
-Հայտնիներից ո՞ւմ կյանքով կցանկանայիք թեկուզ մեկ ժամ ապրել:
-Իմ. արդեն ասացի, որ ժամանակ չունեմ ապրելու համար, հետեւաբար կընտրեի հենց ինքս ինձ:
-Ինչի՞ ազդեցության ներքո կարող եք շատ երկար մնալ:
-Մարդու կորստի եւ մարդու հայտնության, այսինքն` նրան գտնելու դեպքում: Երկուսն էլ երկարատեւ ազդեցություն են ունենում:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։