Մամուլ

Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է

Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է

Սևան քաղաքում և լողափերում եղանակի տաքացմանը զուգահեռ վերահսկողությունն առավել ակտիվացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը նշեց, որ այս օրերին համայնքապետարանի հերթապահ խմբերը, համագործակցելով տեսչական մարմինների, ոստիկանության հետ, ակտիվ աշխատում են հանրային վայրերում, լողափերում: 

«Վերահսկողությունը կատարվում է, թե քաղաքում, թե հանրային լողափին: Ամառ է մարդիկ ուզում են հանգստանալ, դուրս գալ, մաքուր օդ շնչել, բնակաբար մենք էլ մեր աշխատանքները կազմակերպում ենք իրավիճակին համահունչ: Անցկացնում ենք հանդիպումներ բնակիչների հետ, կատարում ենք իրազեկման արշավներ, հաճախակի են դարձել քաղաքապետի մասնակցությամբ դիմակների բաժանումը: Համայնքապետարանն ունի իր հերթապահ թիմը, որը համագործակցում է տեսաչական մարմինների, ոստիկանության հետ, վերահսկում է, որ քաղաքում թաղումների, հոգեհանգստի արարողությունների հետ կապված մարդկանց կուտակումներ չլինեն»,-ասաց Արմինե Ղուկասյանը: 

Նրա խոսքով, քաղաքը փորձում է ինչ-որ չափով ապրել բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Նա նկատեց, որ մարդիկ ավելի զգոն են դարձել: Այս ընթացքում միջոցառումներ են կազմակերպում հասարակական կազմակերպությունների հետ, անցկացնում են ֆրանսերեն լեզվի առցանց դասընթացներ երեխաների համար, շատ փոքր խմբերով արշավներ են նախատեսում երիտասարդների  համար: Փորձ է արվում վերադասավորել կյանքը ստեղծված իրավիճակին համահունչ: 

«Հանրային լողափերում հատկապես շաբաթ, կիրակի օրերին վերահսկողությունը խստացվում է: Պարբերաբար իրազեկում ենք անվտանգության կանոնների հետ կապված, այն է՝  ջրից դուրս դիմակ կրելը, ախտահանիչներ ունենալը, սոցիալական հեռավորությունը պահելը: Սկզբում մարդիկ շատ դժվար էին հարմարվում, բայց հիմա տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնիսկ փոքր երեխաներն են դիմակ դնում»,-ասաց Արմինե Ղուկասյանը:

Համավարակով պայմանավորված այցելուների տեսանկյունից քաղաքում շարժ առայժմ չկա, բայց Սևանա լճի ափին շաբաթ, կիրակի օրերին փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Արմինե Ղուկասյանը կարծում է, որ Վարդավառին ընդառաջ շարժ կլինի, այդ իսկ պատճառով թե տոնին նախորդող, թե հաջորդող օրերին վերահսկողությունը մեծանալու է, արդեն նախապատրաստվում են: 

Սևանի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատու Դավիթ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Սևան եկած այցելուների շրջանում հանգստի կազմակերպման նախասիրությունների փոփոխություններ են նկատվում: 

«Եթե այն ժամանակ մեծամասամբ եկողները գերադասում էին մնալ Սևանում, լինել այն լողափերում որտեղ մարդիկ շատ էին, ակտիվություն կար, ապա այսօր բոլորովին հակառակ պատկերն է: Հիմա մարդիկ նախընտրում են վայրի ափերը, այնպիսի տեղեր, որտեղ ակտիվ այցելություններ չկան»,-ասաց Դավիթ Թորոսյանը: Նրա խոսքով, սկսել են առաջ տանել արշավային տուրիզմի գաղափարը: Մարդիկ այս օրերին ավելի շատ նախընտրում են արշավները: 

«Նախկինում, որ առաջարկեինք արշավներ, կասեին, ինչպես ավտոմեքենաս թողնեմ…և այլ պատճառաբանություններ, այսօր նախընտրում են գնալ վայրեր, որոնք շատերի համար անհայտ են»,-ասաց նա: 

Սեզոնի բացմանը զուգահեռ Սևանում գործում է շրջիկ տեղեկատվական կենտրոնը, որը այցելուներին տարբեր լեզուներով ներկայացնում է տեղեկատվություն տեղի տեսարժան վայրերի մասին, ուղղություններ ցույց տալիս, թե ինչ կարելի է բացահայտել, ինչ երթողիներ, հյուրանոցներ կան, ջրային տրանսպորտի հետ կապված հնարավորություններ և այլն:

Կիսվել