Սպանություն Արմավիրի մարզում. Շենավան գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է
Սպանություն Արմավիրի մարզում. Շենավան գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկանները ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտանբերել են նաև արնանման հետքեր:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանը։
Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է: Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին:
Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սպանության կասկածանքով Արմավիրի ոստիկանություն տեղափոխված Էմմա Մ.-ն Արմավիրի ոստիկանությունից ներկայացվել է քննչական վարչություն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մահացածը Էմմայի ամուսինն էր, ով խմիչքի հետ մեծ սեր ուներ:
Գիտենք, որ այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, իսկ հետո հավանաբար կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին:
Հիմա մեզ ասում են ինքնապաշտպանվելու նպատակով, բայց դե վստահ ենք, որ քննիչները իրականությունը կբացահայտեն, թե ինչն է եղել պատճառը»:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: