Մամուլ

«Սպաները զոհվել են, Սարգիսս 2.5 ժամ պայքարել է, «բեկորը մտել է սիրտը․․․»

«Սպաները զոհվել են, Սարգիսս 2.5 ժամ պայքարել է, «բեկորը մտել է սիրտը․․․»

168.am-ը գրում է․ «Սարգիսս կյանքով լեցուն տղա էր, ինչքան լավ բան կար, բոլորն իր մեջ էր, երևի, որ կյանքը կարճ էր, ամեն ինչ տեղավորվել էր այդ կարճ կյանքի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհված Սարգիս Խանոյանի մայրը՝ Նարինե Հովհաննիսյանը։

Սարգիսը ծնվել էր 2003 թվականի փետրվարի 4-ին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում, ընտանիքի միակ որդին էր։

«Շատ ծնողասեր էր իմ Սարգիսը, հարգանքով, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, անթերի էր իմ տղեն»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։

Տիկին Նարինեն ասաց, որ Սարգիսը շատ էր կապված գյուղի հետ, սիրում էր գյուղական կյանքը՝ գյուղատնտեսական աշխատանքներ, անասնապահություն, և մինչև ծառայության մեկնելը ծնողներին ամեն հարցում օգնում էր․

«Ասում էինք՝ գործերդ մի տեղ տանք, սովորես, ասում էր՝ չէ, ես գյուղատնտեսությունն եմ սիրում, գյուղ, գյուղի գործ։ Ամեն ինչ անում էր իմ տղեն, մեզ օգնում էր»։

2021 թվականի հունիսի 28-ին Սարգիսը զորակոչվեց բանակ։ Ծառայության առաջին 6 ամիսը Խնձորեսկի զորամասում է եղել, այնուհետև տեղափոխվել էր Գորիս։

sargis

«Շատ լավ էր ծառայությունը, ինքը շատ գոհ էր, մենք իրենից ոչ մի դժգոհություն չենք լսել, ոչ մի խնդիր չի ունեցել։ Այնքան լավ է ծառայել, որ զորամասում իրեն «կամբատ» են ասել։ Ծառայության 6 ամիսը որ լրացավ, արդեն դիրքեր էր բարձրանում, 15 օր դիրքերում էր լինում, 15 օր՝ զորամասում։

Ճիշտ է, նոր ենք իմանում, որ ցուրտ է եղել, դժվարություն է եղել, բայց ինքը երբեք չի բողոքել, անգամ չենք իմացել, որ սերժանտ է եղել, դիրքի ավագ է եղել, ծառայության վերաբերյալ ոչ մի բան չի ասել․․․

Այս տարվա փետրվարի 23-ին թոքաբորբ էր ընկել, եկավ 2 ամիս պառկեց, բուժվեց։ Այդ ընթացքում անընդհատ ասում էր՝ գնամ-գնամ։ Գնաց։ Մի քանի ամիս հետո՝ այս տարվա ամռանը, նորից 1 շաբաթով արձակուրդ եկավ։ Արձակուրդն ավարտվեց, գնաց, ու էլ չեմ տեսել տղուս․․․ Իբր հոկտեմբերի 7-ին պետք է գար, էն էլ շուտ «եկավ»՝ սեպտեմբերը․․․»։

Սարգիսը դիրքերում է եղել, երբ թշնամին սկսել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ իրենց դիրքի վրա։ Տիկին Նարինեն պատմեց, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ վերջին անգամ էր խոսել որդու հետ, զգացել էր, որ ձայնը մի տեսակ էր, բայց որդին որևէ բան չէր ասել թշնամու՝ հնարավոր հարձակման մասին․

«Ձայնը շատ տխուր էր, հարցրեցի՝ Սաք ջան, ի՞նչ է եղել, պատասխանեց՝ հեչ բան, մա ջան, հոգնած եմ, պառկել եմ հանգստանամ։ Մենք չգիտեինք, որ պոստում է։ Երկրորդ զանգը այդ օրը երեկոյան եղավ, էլի տխուր էր տղես։

Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, տղես, ասաց՝ ոչ մի բան։ Նույն օրը՝ սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 23։00-ի սահմաններում, զանգել, հոր հետ էր խոսել, հարցրել էր՝ պա ջան, լա՞վ եք, ամուսինս ասել էր՝ հա, ասել էր՝ դե լավ մնացեք, կզանգեմ․․․ էլ չենք խոսել իր հետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել