ՄամուլՏեսանյութ

Սուրմալուի պայթյունից րոպեներ անց անհետացած Վաչագանը խոսել էր մտերիմներից մեկի հետ. ինչ են պահանջում հարազատները 1 տարի անց

Սուրմալուի պայթյունից րոպեներ անց անհետացած Վաչագանը խոսել էր մտերիմներից մեկի հետ. ինչ են պահանջում հարազատները 1 տարի անց

2022 թվականին տեղի ունեցած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի քրեական գործը ՀՀ Քննչական կոմիտեից տեղափոխվել է Ազգային Անվտանգության Ծառայության քննչական վարչություն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առևտրի կենտրոնի սեփականատերերից որևէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։

Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։

ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է մահացած Վաչագան Եղոյանի տուն: Հարազատները պահանջում են պատասխանատվության կանչել բոլորին, ովքեր քայլեր չեն արել անվտանգության կանոնները պահպանելու համար և գործ են կոծկում :

Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել