Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է
Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է և նա կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին: Աշոտյանը, իհարկե, չի մանրամասնել, թե ինչքան է մոտ այդ ժամանակը՝ ասելով, թե կխոսի Սերժ Սարգսյանի փոխարեն:
Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Սարգսյանն է նրան հորդորել խոսել թեկուզ այդքանն ու ասել, որ ժամանակը մոտենում է: Որովհետև, առնվազն այդքանով Աշոտյանը խոսել է նրա փոխարեն: Իսկ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Շախմատի տանն ընդամենը հայտարարել էր, որ կխոսի, երբ ժամանակը գա: Մոտ է այդ ժամանակը, թե հեռու, նա չէր ասել:
Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը: Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք:
Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին: Ռուսաստանի «Վեստի» հեռուստաալիքը և էլի լրատվամիջոցներ հանկարծ հիշել են Ռոբերտ Քոչարյանի գործը, նրան դասակարգել քաղբանտարկյալ, Նիկոլ Փաշինյանին մեղադրել քաղաքական վրեժի համար, նաև անդրադարձել հայտնի գաղտնալսումներին:
Ինչո՞ւ հանկարծ: Եվ արդյո՞ք դա Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի իշխանության վրա ճնշման փորձ է: Մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ Մոսկվայից անդրադառնում են Քոչարյանին, անգամ Պուտինն է երկու անգամ շնորհավորել նրան, Լազարևյան մի ամբողջ ակումբ է ստեղծվել նրա համար:
Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան այդքան անզոր է դարձել Հայաստանի դեմ, որ չի կարողանում լուծել մի Ռոբերտ Քոչարյանի հարց և ստիպված է պարբերաբար անդրադառնալ այդ թեմային:
Թե՞ Մոսկվան պարզապես քարոզչական տարածք է տրամադրել երկրորդ նախագահին, այսպես ասած՝ հին ընկերության կարգով՝ համարելով, որ դրանից օգուտ կա, իսկ վնաս՝ ոչ, սակայն չհետապնդելով նրա ազատման հատուկ նպատակ:
Այս առումով իրավիճակը իսկապես անսովոր է և բավականին բարդ, առավել ևս, որ այս տիրույթում բավականին նշմարելի են նաև Հայաստանի իշխող համակարգի նախկին երկու առանցքային բևեռների կամ բևեռատերերի բարդ փոխհարաբերությունների պարզաբանման տարրերը:
Հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք նախորդ տասնամյակում էլ բավականին հաճախ են անցել Ռուսաստանով և բավականին բարդ ու ծանր հետևանքներ ունեցել Հայաստանի համար:
Այս առումով, ահա, խիստ հետաքրքիր է, որ ռուսական «Վեստիով» Ռոբերտ Քոչարյանի գործին ծավալուն և կարեկից անդրադարձից հետո Սերժ Սարգսյանն իր տեղեկատվական խողովակով հայտարարում է, որ մոտենում է իր խոսելու բանը, ինչն այլ կերպ հնարավոր է դիտարկել, որ մոտենում է Քոչարյան-«Վեստիին» պատասխանելու ժամանակը:
Աղբյուր՝1in.am