ՄամուլՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի գիշերային այցը Ազգային ժողով և ՀՀԿ-ի ծրագրերը. ինչ են որոշել

Ինչպես գրում է armlur.am-ը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր գիշերով գնալ խորհրդարան եւ հանդիպել նրանց հետ: Գիշերային այցը պատահական չէ. ցանկացել են լրագրողների, աշխատակազմի եւ կողմնակի անձանցից հեռու լինել, եւ հետո՝ ԱԺ տարածքը հանդիպման համար միակ հարմար տեղն է, որտեղ Սերժ Սարգսյանը կարող էր մուտք գործել: Նրանք զգուշացել են Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին զուգահեռ ՀՀԿ շենքում նիստ անել:

Ինչևէ, Սարգսյանի՝ խմբակցության անդամներին հանդիպել կանչելու հայտարարությունում արված շեշտադրումներն էլ բավական հետաքրքիր են. նա նշել է, թե հանդիպման ընթացքում իր պատկերացումները կներկայացնի կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Այսինքն` Սարգսյանն արդեն իսկ իր հայտարարությամբ ակնարկել էր, որ ապագայում ՀՀԿ-ն այժմյանից տարբերվող դերակատարում է ունենալու՝ նկատի ունենալով, որպես ընդդիմադիր ուժ աշխատելու հնարավորությունը:

Այս հանդիպումը եւս բուռն է եղել, հանրապետականներից շատերը դժգոհել են, որ միայն վերջին վայրկյանին են իմացել Սարգսյանի հրաժարականի մասին, սակայն վերջինս փորձել է արդարանալ, թե երկրում ստեղծված իրավիճակն է պատճառ եղել: Ըստ որոշ տեղեկությունների` նա միայն ասել է, թե չպետք է թույլ տալ Փաշինյանի ձեռքին անցումային շրջանում իշխանություն, բայց դա պետք է արվի հանգիստ, առանց որեւէ բռնության կամ ուժային միջամտության: Սերժ Սարգսյանն իր խոսքում նաեւ շեշտել էր նոր առաջնորդության հարցը, այլ խոսքով ասած` գրեթե պաշտոնապես հաստատել, որ ինքն այլեւս չի ցանկանում լինել կուսակցության ղեկավար:

Մեր տեղեկություններով` այսօր տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստ, որից հետո արդեն պաշտոնապես կարվեն բոլոր հայտարարությունները: Հավելենք, որ պատգամավորներից շատերը մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում են մնացել եւ շարունակել քննարկումները:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն առհասարակ վարչապետի թեկնածու չառաջադրի, եւ այդպիսով երկու անգամ տապալելով վարչապետի ընտրությունները` իրավունքի ուժով արձակվի խորհրդարանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն ձեւականորեն մնալով իշխանության ղեկին, այնուամենայնիվ, կկորցնի իրական ազդեցության լծակները, բայց եւ դրանք չի տա ընդդիմությանը, որպեսզի ընտրութուններն անցկացվեն գործող ԸՕ-ով, ռեյտինգային ընտրակարգով:

Կիսվել