Մամուլ

Սերժ Սարգսյա՞նն է մասոններին հրավիրել Հայաստան. ինչու են հանդիպել հենց Վազգեն Մանուկյանի հետ

Սերժ Սարգսյա՞նն է մասոններին հրավիրել Հայաստան. ինչու են հանդիպել հենց Վազգեն Մանուկյանի հետ

Հայաստանում օրերս բացվել է մասոնական նոր օթյակ: Այդ նպատակով Երեւան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը:

Վերջինս հանդիպել է նաեւ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Ինչպես հայտնի է՝ մասոների նկատմամբ մեր հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի:

Դեռեւս տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ այդ կազմակերպության անդամ է համարվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն առաջին նախագահի թիմակիցներն էլ հայտարարում էին, որ դա սուտ է, եւ այդպիսի ապատեղեկատվությունը շրջանառության մեջ է դրվում Վազգեն Մանուկյանի թեթեւ ձեռքով: Ինչեւէ:

«Ժողովուրդ» օրաթերթը Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ էր պայմանավորված իր հանդիպումը Աբբասի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հանդիպումը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ:

-Ուզեցել են հանդիպել, եկել են հանդիպել ենք, ինչն է պրոբլեմը, իրենց ուղեկցող սփյուռքահայերից մեկը զանգեց, խնդրեց, որ հանդիպենք, հանդիպեցի, ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ:

-Համենայն դեպս, պաշտոնական հանդիպում է եղել, ի՞նչ հարցերի շուրջ եք խոսել:

-Ո՛չ, պաշտոնական հարցերը որո՞նք են, ինչ որ լրատվականներին տվել է մեր մամուլի պատասխանատուն, դրանից ավել բան չի եղել:

-Հայաստանում ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ կազմակերպության նկատմամբ: Դա չի՞ մտահոգել Ձեզ:

-Ես գիտեմ, բայց ինձ համար դա նշանակություն չունի: Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում:

-Այդ կազմակերպությունը շատ փակ, գաղտնի եւ խորհրդավոր կազմակերպություն է…

-Ցանկացած ժողովրդի մեջ մի ինչ-որ հատված կա գավառական, որը ուրիշ ձեւով է նայում այդ բաներին, պետք չէ հարմարվել իրենց: Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում, եւ եթե իրենք ուզում են հանդիպել, բնական է, որ պետք է հանդիպել, եւ ցանկացած կառույցի հետ որ խոսում ես, պետք է քո պետական, ազգային հարցերը փորձես առաջ տանել:

-Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ հետ ցանկացել հանդիպել:

-Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք:

Կիսվել