«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»․ Հայկ Սարգսյան
Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:
«Ինչ են անում նրանք, մինչև զորակոչի տարիքի լրանալը արտագաղթում են Հայաստանից, հաճախ` ընտանիքներով: 27 տարին լրանալուց հետո են վերադառնում, այդ ժամանակ հնարավորություն ունեն վճարել առավելագույնը 3.6 միլիոն դրամ և չծառայել:
Մենք ՀՀ ենք վերադարձնելու մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չծառայելու հանգամանքով պայմանավորված՝ դեռևս չեն գալիս, կստեղծվեն աշխատատեղեր զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության տեսքով, և մեր բանակը կհամալրվի ֆինանսական միջոցներով»,-ասաց նա:
«Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»,-նշեց Սարգսյանը։
«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»։