«Սա անասելի ծանր է, սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են»․ Լուիզա Ղամբարյան
«Սա անասելի ծանր է, սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են»․ Լուիզա Ղամբարյան
Tert.am Life-ը գրում է․ Լուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։
Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։
Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։
Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։
«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։
Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։
Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։
Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները 2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում