Մամուլ

Սահմանին կուտակումներ կան՝ նորագույն տեխնիկա է կուտակում, թշնամին պատրաստվում է պատերազմի». Սերոբ Գասպարյան

Սահմանին կուտակումներ կան՝ նորագույն տեխնիկա է կուտակում, թշնամին պատրաստվում է պատերազմի». Սերոբ Գասպարյան

168.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։

Թեպետ արդեն 4 օր է, թշնամին չի կրակում, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ սա չի նշանակում, որ թշնամին կրկին չի հարձակվի։ Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր.

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»:

168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ասաց, որ եթե թշնամին կուտակումներ է անում, ապա դա ձևական բնույթ չի կրում, այլ նշանակում է, որ պատերազմը վերսկսելու է։

serob gasparyan

«Արցախի 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, բայց իշխանությունը որևէ բան չարեց բանակը վերազինելու, վերակազմավորելու համար, հակառակը՝ սկսեցին նույնիսկ օրենքով քանդել բանակը ու բանակի գույքը հանել վաճառքի։

Բան չարեցին, կարծում եմ՝ այս ամենը միտում էր, որովհետև պատերազմ անցած բոլոր տղաները պատերազմի էին սպասում, իրավիճակի ուսումնասիրությունից հետո դրան էինք հանգել։

Երկու տարի շարունակ ասում էինք, որ պատերազմ է լինելու, թշնամին չի բավարարվելու, նենգ է, արնախում, հարյուրամյակներով դրանց քաղաքականությունը եղել է  հայությանը բնաջնջելը»,- նշեց Սերոբ Գասպարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Հանրային հեռուստաեթերով արած հայտարարությանը, թե ադրբեջանական խումբ է ներթափանցել Հայաստան, որով նաև որոշ չափով խուճապ առաջացրեց, Սերոբ Գասպարյանը հակադարձեց՝ նոր չէ, որ այդ խմբերը ներթափանցել են Հայաստան, այդ մասին ինքը բազմիցս ասել է։

«Ես այս մասին խոսել եմ այն ժամանակ, երբ հրապարակում էի։

Այս պահին սահմանում կուտակումներ կան, ու գիտե՞ք՝ սա ինչի նման է, որ հարևանը  մտնում է  տունդ, ծեծի է ենթարկում քեզ և նստում է տանդ մեջ։

Ի փառս մեր տղաների և նաև «Սև հովազ» ջոկատի տղաների՝ Ջերմուկում հատվածներ կան, որ թշնամին մեկ սանտիմետր առաջ չի եկել։ Մեր զինվորը հզոր է, ուժեղ է, ուղղակի քաղաքական իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ զինվորին»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել