Սահմանադրական դատարանի հեղինակությունը միշտ Քոչարյանն է ոտքի տակ տվել ու անցել առաջ․ Սեդա Սաֆարյան
Armtimes-ը գրում է․ Սահմանադրական դատարանի հեղինակությունը միշտ Քոչարյանն է ոտքի տակ տվել ու անցել առաջ։ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ ՍԴ որոշումն, այսպես ասած, «ինքն իր համար» որոշում էր։
Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Որոշման եզրափակիչ մասը կարդաց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հատուկ կարծիք են հայտնել։
Այս որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ պետք է վերացվի եւ որ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը, իսկ նրանց ընդդիմախոս փաստաբանները պարզաբանում էին, որ այս որոշումը առնչություն չունի Քոչարյանի եւ նրա կալանավորման հիմքերի հետ։
Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն չի կարող Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը այդ ձեւաչափով՝ Սահմանադրության 61, 63, 27 հոդվածների իմաստով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել, որովհետեւ 35 հոդվածում չկա մի այնպիսի հիմք, որը վերաբերելի լինի Ռոբերտ Քոչարյանին: Նշենք, որ Սահմանադրության սույն հոդվածները սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունք:
«Ես ուղղակի կուզենամ, որ ՍԴ որոշումը ստացված լիներ, եւ մենք կարողանայինք հասկանալ, թե այս 35-րդ հոդվածի եւ անձի դատարան դիմելու իրավունքի միջեւ ինչ խախտում կա, ինչ է նշանակում, քանի որ 35-րդ հոդվածում կարգավիճակին վերաբերող դրույթ չկա, թե խախտվել է նրա դատարան դիմելու իրավունքը»,- ասաց Սաֆարյանը՝ շարունակելով, որ Քոչարյանն այս ամբողջ ընթացքում օգտվել է բացարձակապես անսպառ դատարան դիմելու, անսպառ կայացված որոշումները բողոքարկելու, Եվրոպական դատարան դիմելու իրավունքից, եւ չի էլ ասել, որ իր՝ այդ իրավունքների խախտում կա:
«Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ անհամադրելի է սահմանադրական նորմերի եւ քրեական դատավարության համապատասխան նորմի միջեւ առկա հակասության արձանագրումը: Եվ շատ եմ ուզում, որ նույն անձի անձեռնմխելիության տեսանկյունից, անձնական ազատության տեսանկյունից վերլուծություն կատարվի, որովհետեւ, ըստ իս, նորություն ասած չեմ լինի, որ հիմնավոր կասկածի առկայության պայմաններում անձի նկատմամբ, այսինքն՝ նույն Քոչարյանի նկատմամբ, ընտրվել է խափանման միջոց, ինչը նորմալ, իրավաչափ սահմանափակում է նրա ազատությունը։ Նրան չեն տարել՝ ոստիկանությունում օրերով պահել, որ ասենք՝ գիտեք, թույլ է տրվել անձնական ազատության սահմանափակում»,- մեկնաբանեց Սեդա Սաֆարյանը։
Նա ասաց, որ հինգ փաստաբանով հավաքվել, քննարկել են, ոչ մեկը չի կարողացել պարզաբանել, թե այդ 35-րդ հոդվածը, որը նախատեսում է հանցակազմի, հանցադեպի բացակայություն, վաղեմության կիրառում, վաղեմության ժամկետի լրացման հետեւանքով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի արձանագրում եւ այլն, ի՞նչ կապ ունի Քոչարյանի հաստատված, հիմնավորված մեղադրանքի հետ.
«Առավել եւս անձեռնմխելիության գործառույթի վերաբերյալ, կարծում եմ, մեր Սահմանադրությունը 56.1 հոդվածում հստակ սահմանել է, որ իր կարգավիճակից չբխող գործողությունների համար անձը պատասխանատվություն կրում է: Եվ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ անձեռնմխելիության ինստիտուտը կոնկրետ Քոչարյանի նկատմամբ կիրառելի չէ»:
Սաֆարյանի խոսքով՝ այն, ինչ արեց ՍԴ-ն, տպավորություն է ստեղծում, որ ՍԴ որոշ անդամներ որոշել են Քոչարյանին ինչով հնարավոր է՝ օգնել, ինչքան հնարավոր է՝ օգնել, ու այս որոշումը այդ «ինչքան հնարավոր է՝ օգնելու» մի դետալն է, որի որոշ նախադասություններ հետո արդեն կդառնան պաշտպանական կողմի համար շահարկումների հիմք:
«Կոնկրետ Սահմանադրական դատարանի եւ նրա խափանման միջոցի, արարքի որակման եւ այլնի հետ կապված որեւիցե կապ չկա, էլ չեմ՝ ասում, որ եթե Սահմանադրական դատարանը գտնում էր, որ 35 հոդվածում ինչ-որ բաց կա, որը որեւէ խավի իրավունքի սահմանափակում է, պայմանականորեն, անգամ եթե ինքը դա ճիշտ չի գտնում, համենայն դեպս գտնում է, որ պետք է 35 հոդվածում տարանջատված լինի հատուկ կարգավիճակով անձը եւ սովորական անձը, ապա պիտի դիմեր ՍԴ եւ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկ աներ»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն Սահմանադրությունն արդեն մի հոդվածով հստակեցրել է պաշտոնատար անձի անձեռնմխելիության հարցը, եւ այլեւս Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում դրա կարիքը չկա՞, Սաֆարյանը պատասխանեց, որ իհարկե, կարիքը չկա, բայց եթե պայմանականորեն ընդունենք, որ Դատարանը գտնում էր, որ պետք է լինի կամ պիտի դառնա քննարկման առարկա, պետք է շատ լուրջ հիմք ներկայացներ:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։