ԱշխարհՄամուլ

Ռուսաստանից նորից նախազգուշացնում են Հայաստանին՝ խելոք մնացեք երկիրը կկորցնեք

Ռուսաստանից նորից նախազգուշացնում են Հայաստանին՝ խելոք մնացեք երկիրը կկորցնեք

Hraparak.am-ը գրում է․ Ըստ ռուսական լրատվամիջոցներում առկա տեղեկատվության, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորումից եւ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։

Նա մասնավորապես ասել է, որ պետք է զերծ մնալ եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից, եւ հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորման առնչությամբ առկա է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների որոշումը, եւ իրենք առաջնորդվելու են այդ որոշմամբ՝ ամեն բան անելով, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

«Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- ասել է Վոլոդինը։ Ըստ ՌԴ դաշնային օրենսդիր մարմնի ստորին պալատի ղեկավարի, ԵԽԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը կսրի իրավիճակը։

«Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին՝ պետք է 10 անգամ մտածել եւ կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակով:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ թե պետք է պարզապես հեռու մնա ԵԽԽՎ-ից եւ Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, եւ եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետեւանքների համար»,- հայտարարել է Վոլոդինը։

Կիսվել