Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեց։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Ռոբերտ Քոչարյան դատ

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին։

Նշենք, որ 2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում շարունակվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։

Կիսվել