Ազատ խոսք

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» ֆեյսբուքյան գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին ուղարկել են հարկադիր պարապուրդի։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի′ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատեւ հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից:

Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետեւանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ` ազատության իրավունքը եւ հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» գրառումը: Այո ինձ համար Արցախը գերագույն արժեք է եւ ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք:

Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Եվ միանշանակ, ֆեյսբուքում եւ առհասարակ, առցանց տիրույթում աշխատանքային ժամերից դուրս այս կամ այն գրառումը լայքելը իմ իրացվունքն է, եւ լայքելու պատրվակով ինձ այս դժվար պայմաններում ռեզերվ ուղարկելը հակասահմանադրական, հակաօրինական երեւույթ է:

Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է եւ հիմնավորում է իմ այն թեզը, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի եւ կամայական կերպով: Պարոնայք պատասխանատուներ, բարձրաձայնածս հարցին լուծում չտալու դեպքում, խոստանում եմ հրապարակել ինձ մոտ եղած ապացույցը: Սա ընդունեք ոչ թե որպես շանտաժ, այլ երկխոսության հրավեր եւ արդարացի ու օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու կոչ:

Ի վերջո, ոստիկանության առաքելությունը ապօրինությունների կանխումն ու չթույլատրումն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ոտնահարում ձեր ստանձնած առաքելության առանցքային գաղափարը, ինչը, միանշանակ, պատիվ չի բերում ձեզ:

Հարգեք օրենքը, հարգեք ձեր գործընկերներին, թեկուզ եւ, ձեզանից ցածր կոչում ունեցող ոստիկաններին, ովքեր վաղվա գեներալներն են, ի վերջո, ոչ ոք հավերժ չէ եւ ոչինչ հավերժ չէ, բացի ձեր կատարած գործերից…Հետեւություննե′ր արեք եւ վերանայեք ձեր գործելաոճը: ԵՎ հիշեք՝ ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Բարին ընդ ազգիս…

Պատիվ ունեմ…

Կիսվել