Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամն, ամուսնանում է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր որդու՝ 17-ամյա Ադամ Կադիրովի ամուսնության շնորհավորանքի համար։ Այս մասին Կադիրովը գրել է իր Telegram ալիքում։
«Ինձ համար անչափ թանկ է Ձեր կողմից մեր սիրելի հայրիկին հիշատակին տված մեծարանքը, ինչպես նաև մեր ընտանիքի նկատմամբ Ձեր հարգանքը։ Հիշում եմ, որ Դուք միշտ Ահմադ-Հաջիին անվանում էիք Ձեր ԸՆԿԵՐԸ, և մինչ այժմ մնում եք նրա ամենահավատարիմ ԸՆԿԵՐԸ՝ պահպանելով այդ գեղեցիկ ավանդույթը։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ նորապսակներին ուղղված ջերմ շնորհավորանքների և ամբողջ չեչեն ժողովրդի հասցեին հնչեցրած անկեղծ մաղթանքների համար», – նշել է Կադիրովը։
Նա նաև ընդգծել է, որ Պուտինի շնորհավորանքը «հիասքանչ ուշադրության դրսևորում էր, որը մենք երբեք չենք մոռանա»։ Մինչդեռ Կրեմլը այս պահին պաշտոնապես չի հայտնել, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Կադիրովների ընտանիքին։

Ադամ Կադիրովի հարսանիքը
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդու հարսանիքի մասին հայտնի դարձավ նախօրեին։ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատը, հունիսի 27-ին Instagram-ի հարթակում հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը ամուսնանում է։
Աղջիկը story բաժնում հրապարակել է հարսանեկան ատրիբուտիկայով լուսանկար և հնարավորություն տվել հետևորդներին հարցեր տալ։ Նրանցից մեկը հարցրել է․ «Ով է ամուսնանում, եթե գաղտնիք չէ»։ Այշատ Կադիրովան պատասխանել է․ «Իմ եղբայր Ադամն է ամուսնանում»։
Մեկ այլ հարցին պատասխանելիս նա նշել է, որ «հարսանիքը տեղի կունենա հայրական տանը՝ մեր գյուղում», խոսքը՝ Ահմադ-Յուրտ գյուղի մասին է։ Նա նաև ասել է, որ հարսանիքի օրը «դժվար թե հեռախոսով զբաղվելու ժամանակ ունենա», երբ մեկ այլ օգտատեր խնդրել է ցույց տալ «տոնակատարության մի պատառիկ»։
Ավելի ուշ աղջիկը ցույց է տվել սրահը, որտեղ պետք է կայանա արարողությունը, ինչպես նաև սեղաններից մեկը՝ ծաղիկներով զարդարված։ Նա նշել է նաև, որ «հարսանիքն ուղիղ եթերում ցույց չի տրվի», քանի որ այդպես են ցանկացել ծնողները։ Այնուամենայնիվ, Այշատը խոստացել է ցույց տալ իր հարսանեկան կերպարը և շնորհակալություն հայտնել եղբորն ուղղված ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար։

Ո՞վ է հարսնացուն
Սկզբում Այշատ Կադիրովան չի հայտնել հարսանիքի մանրամասները, սակայն հետագայում բացահայտել է մի քանի մանրուքներ եղբոր ընտրյալի մասին։ Սակայն, հարսնացուի տարիքը նա չի նշել։
«Ադամն առաջին անգամ է ամուսնանում։ Հարսնացուին Մեդնի են ասում։ Նա մեր գյուղից է», – պարզաբանել է Կադիրովան։
Ադամ Կադիրովի կարիերան
Ադամ Կադիրովը ուշադրության կենտրոնում հայտնվեց 2023 թվականին, երբ Գրոզնիի կալանավայրում ծեծի էր ենթարկել Քորանի այրման մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավյովին։ Դրանից հետո նա սկսեց ակտիվորեն ստանալ պարգևներ և կոչումներ, ինչպես նաև պաշտոններ։
2023 թվականի վերջին նա նշանակվեց Չեչնիայի ղեկավարի անվտանգության ապահովման բաժնի պետ՝ փաստացի դառնալով հոր՝ Ռամզան Կադիրովի անվտանգության ղեկավար։ Նույն տարում նա նշանակվեց Շեյխ Մանսուրի անվան չեչենական գումարտակի համակարգող, իսկ 2024 թվականին՝ Գուդերմեսում գործող Վլադիմիր Պուտինի անվան Ռուսական հատուկ նշանակության համալսարանի կուրատոր։
2025 թվականի ապրիլի սկզբին Ադամ Կադիրովը նշանակվեց նաև Չեչենստանի ՆԳՆ-ի տարածաշրջանային բաժնի համակարգող։ Ապրիլի վերջին նա ստանձնեց Չեչենստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Ռամզան Կադիրովի եղբորորդի Խամզաթին։
2020 թվականից ի վեր Կադիրով կրտսերը արժանացել է մոտ 20 պարգևի։ Մայիսին նա ստացել է ՕՄՕՆ «Ահմադ-Գրոզնի» ստորաբաժանման 25-ամյակի հուշամեդալ և «Ահմադ-Բերդ» ստորաբաժանման մեդալ՝ մարտական խնդիրների իրականացմանն աջակցելու համար։