Պուտինը հանդիպել է Պրիգոժինի հետ
Պուտինը հանդիպել է Պրիգոժինի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է Վագների ՊՄԿ-ի ղեկավարության հետ, այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը։ Այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։
Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»։
Պեսկովի խոսքով՝ Պուտինը միջոցառմանը «գնահատել է հրամանատարների գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին, լսել հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց հետագա արդյունավետ աշխատանքային տարբերակներ։
«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Հարցին, թե հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Պեսկովը պատասխանել է, որ «այս հանդիպման մասին ավելին ասելու ոչինչ չունի»։