«Պետք է փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը». Ռոմելա Սարգսյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նոր դերի մասին
«Պետք է փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը». Ռոմելա Սարգսյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նոր դերի մասին
Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Ռոմելա Սարգսյանի համար «Ախթամար» հեռուստասերիալը դեբյուտային էր: Նախագծի ավարտից հետո պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհուն առաջարկել է նկարահանվել «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, որտեղ Ռոմելան փոխարինում է դերասանուհի Մերի Երեմյանին, որը կիսատ էր թողել աշխատանքն այնտեղ:
Tert.am Life-ի հետ զրույցում Ռոմելան խոսել է մեկ գիշերում նոր դերին պատրաստվելու, հանդիպած բարդությունների, խաղընկերների հետ հարաբերությունների և ոճափոխության մասին:
Ռոմելայի խոսքով՝ առաջարկը ստանալուց հետո երկար չի մտածել, միանգամից ընդունել է:
«Ցանկացա մարմնավորել այդ կերպարը: Ունեի ընդամենը մեկ գիշեր, որովհետև հաջորդ օրը պետք է նկարահանվեի հարսանեկան տեսարանում: Բնականաբար, բարդ էր մեկ գիշերում կերպարի մեջ մտնելը, սցենարին ծանոթանալու համար ընդամենը մի քանի ժամ ունեի:
Մինչև այդ ծանոթ չեմ եղել սցենարին և կերպարին, քանի որ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալ սկիզբն ու «Ախթամար»-ի վերջին սերիաների նկարահանումները համընկան, չէի հասցրել հետևել:
Կրկնակի բարդ է այսպես, քան երբ նախագծի սկզբից ես թիմին միանում: Նոր կերպարին ծանոթանալը ժամանակ է պահանջում։ Բարեբախտաբար, մեր թիմը պրոֆեսիոնալ է, քիչ-քիչ ամեն ինչ ստացվեց: Արդեն հունի մեջ եմ ընկել, հուսամ՝ ինձ մոտ ամեն ինչ լավ կստացվի»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ սկզբում մտավախություն է ունեցել, որ հեռուստադիտողը կարող է իրեն չընկալել որպես Անահիտ: «Մտավախություն ունեի, որ հեռուստադիտողը կարող է այս կերպարում ինձ չընկալել, բայց կարծում եմ, բոլոր դերասանների մոտ էլ նման իրավիճակում այդ մտավախությունը կլիներ: Հեռուստադիտողի համար էլ հեշտ չէ, սովորում են դերասանին, բարդ է նույն կերպարում երկրորդ դերասանին ընդունելը:
Բայց այսպես է ստացվել, պետք է հաղթահարեմ բոլոր դժվարություններն ու փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը»,- նշեց նա:
Ռոմելան պատմեց, որ ունի խաղալու իր բանաձևը․ փորձում է վերապրել հերոսուհու զգացմունքները․ «Երբ խաղում եմ, տեսախցիկի միանալուց հետո՝ այդ երկու-երեք րոպեն, իրոք, սիրում կամ ատում եմ դիմացինիս: Ես այդ պահին զգում եմ հերոսուհուս ապրումները, զգացմունքները: Եթե չզգաս, հեռուստադիտողին չես կարող համոզել, որ հերոսուհիդ ապրում է այդպիսի էմոցիաներ»:
Ռոմելան ընդգծեց, որ վաղուց էր ծանոթ սերիալում իր հիմնական խաղընկերներից մեկի՝ Մայիս Համբարձումյանի հետ: «Սովորել ենք նույն կուրսում, ընկերներ ենք: Երբ խաղընկերոջդ հետ նոր ես ծանոթանում, կարող է կաշկանդվածություն լինել, մեր դեպքում նման բան չկար: Անձնակազմի անդամների մեծ մասին ծանոթ չէի, բայց հիմա արդեն լավ հարաբերություններ ունենք, ինձ ի սկզբանե լավ վերաբերմունք են ցույց տվել»,- ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում