Մամուլ

Պետք է ավելի խիստ լինել ծխախոտը ավտոմեքենայից դուրս նետող վարորդների նկատմամբ. Փաշինյանը՝ ոստիկանության պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետին հանձնարարել է ավելի խիստ լինել չհանգցրած ծխախոտը ավտոմեքենայից դուրս նետող վարորդների նկատմամբ:

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհի վերաբերյալ իրավիճակը, երբ օրեր շարունակ չի հաջողվում այն ամբողջությամբ մարել, որվհետեւ անընդհատ առաջանում են նոր օջախներ:

Վարչապետը, մեջբերելով վիճակագրական տվյալները, նշեց, որ այս տարի բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 83.9 տոկոսով:

«Եվ այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարեւոր է: Այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է, սկսած շշեր թափելուց: Հետագայում դրանք դառնում են հրդեհի պատճառ: Եվ, իհարկե, նաեւ պետք է օպերատիվ աշխատանք տարվի այս ուղղությամբ, որովհետեւ երբեմն կարծքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում ինչ-ինչ նպատակներով: Այստեղ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն ամեն դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության պետի հետ եւ հանձնարարել, որ Ճանապարհային ոստիկանությունն առանձնակի խիստ լինի ավտոմեքենաների պատուհաններից ծխախոտ նետող վարորդների նկատմամբ, որովհետեւ դա, ըստ էության, կրակի աղբյուր է:

«Եվ մեր օրենսդրությամբ ընդհնարապես արգելված է ծխախոտը պատուհանից դեն նետել: Առավելեւս այս ընթացքոմ պետք է շատ խիստ լինել եւ պետք չէ վարանել տուգանել ու կոնկրետ վարչական պատասխանավության միջոցներ կիրառել: Բայց իհարկե ավելի լավ կլինի, որ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Կիսվել