Մամուլ

«Պարոն վարչապետ, Ձեր խղճին է Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը». Լևոն Բաղդասարյան

«Պարոն վարչապետ, Ձեր խղճին է Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը». Լևոն Բաղդասարյան:

«Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է, որ Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ»,- «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա պնդեց՝ Մանվել Գրիգորյանի գործով իրականացվում է ընտրովի արդարադատություն: Նա հիշեցրեց, թե ժամանակին ինչպես էր որպես քաղաքական գործիչ պայքարում հանուն իրավական համակարգի անկախության ու ասաց, թե թվում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո այդ հարցերին ավելի լավ պետք է ականջալուր լիներ, սակայն այդպես էլ չեղավ.

«Բայց տպավորություն ունեմ, որ վարչապետը ականջալուր չի լինում  իրավապաշտպանների բարձրաձայնումներին, հակառակ պարագայում ինչո՞վ է բացատրվում Մանվել Գրիգորյանի գործով բոլոր խնդիրները, երբ իրավապաշտպանները բարձրաձայնում են, բայց քար լռություն է»:

Այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Լևոն Բաղդասարյանն ասաց. «Պարոն վարչապետ, նման պայմաններում, եթե Ձեր տիրույթում է որոշել՝ հիվանդ մարդը մնա կալանքի տակ, թե ոչ, ուրեմն մնալու է Ձեր խղճին Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը»:

Փաստաբանն ասաց, որ դատավորի կողմից կա Մանվել Գրիգորյանի գործով կանխակալ վերաբերմունք, և դատավորի ինքնաբացարկի հարցը կշարունակի մնալ իրենց օրակարգում: Հետո էլ եզրափակեց.

«Անգամ հեռավոր իննսունականներին եղել են ընտրովի դատավարություններ, բայց այս ձևի ակնհայտ՝ ուզում եմ այս կերպ եմ անում, ուզում եմ այն կերպ եմ անում, բացարձակ չի եղել»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել