Ազատ խոսք

Պարոն վարչապե՛տ, պետք է սկսել հենց նրանցից, ովքեր ոչ միայն հրավիրել են Սորոսին Հայաստան, այլև գուրգուրել են նրան․ Կարեն Քոչարյան

Պարոն վարչապե՛տ, պետք է սկսել հենց նրանցից, ովքեր ոչ միայն հրավիրել են Սորոսին Հայաստան, այլև գուրգուրել են նրան․ Կարեն Քոչարյան

Հաղորդավար, հրապարակախոս Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի երկու խոսք Սորոսի մասին

Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ որևէ մեկը տարիներ շարունակ կարող է հենց այնպես (մարդասիրական, բարեգործական, մշակութային կամ այլ պուպուշ բառերով նկարագրվող նպատակները դա ընդամենը «կռուտիտն է») միլիարդավոր դոլարներ ծախսել:

Երբ դա անում են Քըրք Քըրքորյանը կամ Շարլ Ազնավուրը Հայաստանի համար (կամ օրինակ Սամվել Կարապետյանը) դա ինձ հասկանալի է: Մոտիվացիան ակնհայտ է:

Երբ որևէ հիվանդի կամ նեղության մեջ հայտնված մարդու համար անծանոթ մարդիկ գումար են տալիս` դա էլ է հասկանալի:

Երբ միջազգային տարբեր կազմակերպություններ գումար են տրամադրում զարգացող երկրներին այս կամ այն պրոյեկտն իրականացնելու համար` էլի հասկանալի է:

Երբ Հարվարդի, Սթենֆորդի կամ այլ ԲՈՒՀերի նախկին շրջանավարտները գումար են նվիրաբերում իրենց նախկին ալմա մատերին կամ այնտեղ սովորող ուսանողներին, հասկանալի է, թե այդ մարդիկ ինչն են գնահատում:

Ի դեպ այս ամենը հասկանալի է նաև այն պատճառով, որ բոլոր այդ օգնություններն ու նվիրատվություններն չեն կրում պերմանենտ բնույթ և տասնամյակներ չեն տևում:

Բայց, երբ միլիարդատեր բիզնեսմենը, ով գիտի յուրաքանչյուր ցենտի արժեքը, տասնյամյակներ շարունակ գումարներ է տալիս իր հետ որևէ օրգանական կապ չունեցող մարդկանց խմբերի, ինձ համար անհասկանալի է:

Ավելի շուտ հասկանալի է…, որ դա չի կարող լինել բարեգործական, էկոլոգիական, մարդասիրական և այլ նպատակներով:

Գիտե՞ք`ինչու չեմ հավատում: Որովհետև ես արդեն մեծ տղա եմ և Ձմեռ պապիկներին (Սորոս պապիկներին) արդեն վաղուց չեմ հավատում:

Այդ պատճառով կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել այն, ինչը ինքը փաստացի խոստացավ այսօրվա ասուլիսի ընթացքում:

Ասեմ ավելին: Այո, պարոն վարչապե՛տ, պետք է սկսել հենց նրանցից, ովքեր ոչ միայն հրավիրել են Սորոսին Հայաստան, այլև գուրգուրել են նրան երկար տարիներ շարունակ:

Համոզված եմ, որ դրա պատճառը եղել է այն, որ այդ փողերը մեծ հաճույքով «կերվել» են նաև վերջիններիս կողմից, որովհետև, հնուց ի վեր, ինչ-որ մարդկանց համար «деньги не пахнут»:

Հ.Գ. Ի դեպ, համոզված եմ, որ շատ-շատերը, ովքեր Սորոսից գումար են ստացել, այն ծախսել են իրենց այս կամ այն լավ պրոյեկտն իրականացնելու համար:

Բայց բոլորն էլ վաղուց գիտեն թե ձրի պանիրը որտեղ է լինում:

Հ.Գ. 2 Ամենևին հակված չեմ մտածելու, որ Սորոսը այլմոլորակային, ամենազոր Բոբո է: Ի դեպ, դավադրության տեսության կողմնակից էլ չեմ:

Պարզապես ուզում եմ, որ «ձմեռպապիկային» բացատրությունից զատ, մեկ այլ` առողջ տրամաբանության շրջանակներում բացատրություն տան, թե ինչու պետք է այդ մարդը տասնամյակներ շարունակ այս կամ այն երկրում մեծ փողեր ծախսի (չնայած այլ երկրները ինձ քիչ են հետաքրքրում)»:

Կիսվել