Մամուլ

Պարզվել է, թե ում պատճառով է Քաղցրաշեն գյուղի տներում կապույտ ջուր հոսել

Պարզվել է, թե ում պատճառով է Քաղցրաշեն գյուղի տներում կապույտ ջուր հոսել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, 2 օր է, հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքների արդյունքում պարզել են մարտի 13-ին Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ում և ինչի հետևանքով է խմելու ջուրն աղտոտվել:

Նույն օրը մարզի ոստիկանապետի  հանձնարարականով ոստիկանության Արտաշատի բաժնում «Ջրերը աղտոտելու» փաստով նյութեր էին նախապատրաստվում ու սկսվել էին աշխատանքներ՝ պարզելու համար պատճառը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 16-ին, կեսօրին Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին, ով փաստերի ճնշման տակ, այնուհետև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մարտի 13-ին ինքը խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա կշռով տարայի մեջ ջուր լցնի՝ բուժանյութի փոշին ջրին խառնելու նպատակով:

bernatar kapuyt

Սակայն ջուրը կտրվել է և իր անփութության հետևանքով տարայի մեջ գտնվող բուժանյութը պոլիէթիլենային խողովակատարով անցել է խմելու ջրի գլխավոր ջրատար, որտեղից էլ այն հոսել է մի քանի տների ծորակներից:

Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղասի Ո.-ն բաց է թողնվել: Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Քաղցրաշենի մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ճիշտն ասած, դեպքի օրը խուճապի մատնվեցինք: Ինչ ասես մտքներովս չանցավ: Անկեղծ ասած, հույս էլ չունեինք, նախ, որ ոստիկանությունը, Արտաշատի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուրը» էդ ուշ ժամին կգան գյուղ, որ Արտաշատի ոստիկաններն էլ կբացահայտեն իրականությունը:

Հիմա մեզ համար արդեն պարզ է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ իմացել ենք, որ հենց առաջին օրը դեպքի մանրամասները պարզելու համար  ՀՀ ոտիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա ու Փառք Աստծո, որ շուտ ենք տեսել կապույտ ջուրը ու  գյուղի ոչ մի բնակիչ չի համտեսել:

Դե, գիտեք, մեծերը կջոկեին, իսկ երեխուն հո չէիր կարա ասի, երեխա էր, կարող ա միամիտ խմեր: Գոհ ենք մեր մարզի ոստիկաններից, որոնք բացահայտեցին իրականությունը ու հիմա  կարող ենք հանգիստ լինել»:

Կիսվել