Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք
Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք
lragir.am-ը գրում է. «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ «լռվել» է մարդուժի ու տեխնիկայի հսկայական կորուստների, զորքի մատակարարման խափանումների, մարտավարության խնդիրների, ռուս զինվորականների դասալքության եւ գերեվարության մեծ ծավալների պատճառով։
Ռուսները կորցնում են իրենց պրոֆեսիոնալ հրամանատարներին։ Համացանցում հարյուրավոր ու հազարավոր տեսանյութերն անկասկած իրենց հետքն են թողնում, ուկրաինական քարոզչությունն աշխատում է համակարգված ու արդյունավետ։
Արեւմտյան ռազմական շրջանակներն ու փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն արդեն օգտագործել է Ուկրաինա մտցրած զորքի ու տեխնիկայի 95 տոկոսը։ Ուկրաինայի դեմ 700-ից ավելի հրթիռ է արձակվել։
Ռուսաստանի պաշարները սպառվում են, հատկապես՝ բարձր ճշգրտության հեռահար միջոցները, որոնց արտադրությունը բախվում է տեխնոլոգիական խնդիրների։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Պուտինը հրահանգել է թիրախավորել Ուկրաինայի քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Արեւմտյան կոշտ պատժամիջոցներն անկասկած իրենց դերն են խաղում, եթե ոչ՝ վճռական։ Դրանց իրական ազդեցությունը դրսեւորվելու է հետագայում, 1-2 ամսից, թեեւ արդեն ներկայում լուրջ խնդիրներ են առաջացել։
Երկիրը աստիճանաբար հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ավիացիան, ֆինանսական համակարգը, ծրագրային եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներն արդեն «անջատվել» են, չնայած էմբարգոյի բացակայությանը՝ ռուսական նավթի վաճառքն ընկել է կիսով չափ։ Ռուսաստանի դեֆոլտ են կանխատեսում, գործազրկություն եւ սով։ Պարզվեց՝ ռուսական տնտեսությունը արեւմտյան ընկերությունների հավաքածու էր, որոնց հեռանալը փլուզելու է այն։
Սակայն սրանք միայն «տեխնիկական» կողմն են․ պատերազմն արդեն անցնում է Ռուսաստանի տարածք։ Ռուսական հանրությունը պառակտվում է, ավելի ճիշտ՝ այդ պառակտումն արագացավ Ուկրաինա ներխուժումից հետո, երբ հասկանալի դարձավ, որ երկրում վերջնականապես հաղթել է պուտինյան կլեպտոկրատիայի ու եվրասիականության «գաղափարախոսության» մառազմատիկների դաշինքը։
Երկրից զանգվածային փախուստը շուտով իր ծավալներով գերազանցելու է Ուկրաինայից փախստականների թիվը։ Ընդ որում, հեռանում է այն զանգվածը, որոնց վրա դեռ պահվում էր Ռուսաստանը՝ մասնագետներ, առաջատար տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ»։