Պայթյուն Արարատի գազալցակայաններից մեկում. ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելիս պայթել է․ 32-ամյա աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
Պայթյուն Արարատի գազալցակայաններից մեկում. ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելիս պայթել է․ 32-ամյա աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գործող ավտոգազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում գազալցակայանի տարածքում՝ հողի մեջ տեղադրված 3 ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելու ժամանակ պայթյուն է առաջացել և փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարնական վնասվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Տեղում սակայն, պարզվել է, որ տարածքը սպասարկվում է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, ինչի համար էլ մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտակ Բադալյանի և Ռոման Սմոյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Մ․-ն էր։