Մշակույթ

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը: Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը:

Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում`որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի:

Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհու 100-ամյա տարեդարձը  շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հանձնելով նրան ՀՀ նախագահի «Երախտագիտության մեդալը», որը Մարիամ Տոնյանին շնորհվել է երկարամյա աշխատանքի համար` ՀՀ վարչապետի միջնորդությամբ:

«Մինչ այստեղ գալը դիտեցի տիկին Տոնյանի մի քանի հարցազրույցները և կարող եմ փաստել, որ ավելի երիատասարդ, կենսախինդ և գործունյա մարդ, քան նա է, շատ քիչ կա:

Մեր սիրելի 100-ամյա ուսուցչուհին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կրթական կյանքին, ունեցել է հարյուրավոր, հազարավոր աշակերտներ, որոնց մի մասը ներկա են դահլիճում և դրանից ավելի կարևոր նվեր դժվար է պատկերացնել: Ես կուզեի, որ տիկին Տոնյանի կենսուրախությունն այսուհետ ևս ուղեկցի նրան և լինի վարակիչ:

Վստահ եմ, որ աշխատանքային  կենսունակության գաղտնիքն այն ներդաշնակությունն է, որն իր դասավանդած «Հարմոնիա» առարկայի միջոցով դարձել է նաև կենսակերպ»,- շնորհավորանքի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Մարիամ Տոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հարազատ դպրոցին, սիրելի կոլեկտիվին սաներին, պետությանը. «Ես միշտ գոհ եմ եղել իմ աշխատանքից և այսօր էլ  շնորհակալ եմ «Երախտագիտության մեդալի» համար»,- նշել է նա:

Հոբելյանական միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի սկիզբը Մարիամ Տոնյանի խնդրանքով ազդարարվել է Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հոբելյարի նախկին աշակերտ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:

Տոնական ցերեկույթին ներկա են եղել Մարիամ Տոնյանի ներկա և նախկին սաները, ընտանիքի անդամները, նրա մեկդարյա կենսագրության գործընկերները:

Կիսվել