Ուսուցիչը հրապարակեց իր աշակերտներին հանձնարարած ամառային առաջադրանքն ու աշխարհով մեկ հանրաճանաչ դարձավ
Ուսուցիչը հրապարակեց իր աշակերտներին հանձնարարած ամառային առաջադրանքն ու աշխարհով մեկ հանրաճանաչ դարձավ
Ադրիատիկ ծովի ափին գտնվող Ֆերմո քաղաքի ուսուցիչներից մեկը` Չեզարե Կատան, իր աշակերտներին 15 կետից բաղկացած ամառային առաջադրանք հանձնարարեց, և երևի թե դա լավագույնն էր, որ նա կարող էր նրանց համար անել: Ահա թե ինչ է նշանակում սիրել աշխատանքդ ու հոգ տանել երեխաների մասին:
1. Առավոտյան կատարյալ միայնության մեջ քայլեք ծովի ափի երկայնքով, նայեք ալիքների վրա անդրադարձող արևի ճառագայթներին ու մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ երջանիկ դարձնում:
2. Աշխատեք օգտագործել նոր բառեր, որոնք մենք սովորել ենք այս տարվա ընթացքում: Որքան շատ դուք կարողանաք ասել, այնքան հետաքրքիր կարող եք մտածել, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան դուք ազատ կլինեք:
3. Կարդացեք… Շատ, որքան կարողանաք: Բայց ոչ թե նրա համար, որ դուք պարտավոր եք դա անել: Կարդացեք, որովհետև ամառը ոգեշնչում է երազանքների ու արկածների, իսկ ընթերցանությունն ասես թռիչք լինի: Կարդացեք, որովհետև դա անհնազանդության լավագույն ձևն է, իսկ թե ինչ կարդալ, դիմեք ինձ: Ես կօգնեմ խորհրդով:
4. Խուսափեք այն ամենից, ինչը ձեզ բացասական էմոցիաներ է տալիս ու դատարկության զգացում: Դրանք կարող են լինել իրեր, իրավիճակներ կամ մարդիկ:
Ոգեշնչում գտեք ընկերների մոտ, ովքեր ձեզ հարստացնում են, լիարժեք դարձնում, ովքեր հասկանում են ձեզ ու գնահատում այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում:
5. Եթե դուք թախիծ ու ցավ եք զգում, մի անհանգստացեք: Ամառը, ինչպես և կյանքում ցանկացած հիասքանչ բան, հոգին կարող է շփոթմունքի մեջ գցել:
Օրագիր վարեք, այնտեղ նկարագրեք, թե ինչ եք ուզում, իսկ սեպտեմբերին, եթե, իհարկե, ցանկանաք, մենք դա միասին կկարդանք:
6. Պարեք ու մի ամաչեք ոչնչից: Ամենուր, որտեղ հարմար է` պարահրապարակում կամ ձեր սենյակում միայնության մեջ: Ամառը պար է, և հիմարություն է դրան չմասնակցելը:
7. Գոնե մի անգամ գնացեք լուսաբացը դիմավորելու: Լուռ կանգնեք ու խորը շնչեք: Փակեք աչքերն ու շնորհակալ լինելու զգացողություն ունեցեք:
8. Ավելի շատ սպորտով զբաղվեք:
9. Եթե դուք հանդիպել եք մեկին, ով ձեզ շատ է դուր եկել, ասեք դա նրան այնքան գեղեցիկ ու համոզիչ կերպով, որքան կարող եք: Մի վախեցեք անհասկանալի լինելուց: Եթե ոչինչ դուրս չգա, նշանակում է՝ այդպես էլ պետք է լիներ, իսկ եթե ձեզ հասկանան ու պատասխանեն, ուրեմն՝ ամառը միասին կանցկացնեք, և դա կլինի ոսկե ժամանակաշրջան:
10. Վերընթերցեք մեր դասերի սղագրումները: Համեմատեք այն ամենը, ինչ մենք կարդացել ենք, այն բանի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
11. Այնքան երջանիկ եղեք, որքան արևի լույսը, և այնքան ազատ ու չվարժեցվող, որքան ծովը:
12. Խնդրում եմ, մի կռվեք: Համեստ ու բարի եղեք:
13. Խորը էմոցիոնալ երկխոսություններով ֆիլմեր դիտեք։ Եթե կարող եք, անգլերենով, որպեսզի միաժամանակ բարելավեք և՛ ձեր անգլերենի իմացությունը, և՛ զարգացնեք զգալու և երազելու ունակությունը:
Թող որ այդ ֆիլմը ձեզ համար եզրափակիչ տիտրերի հետ չավարտվի, այն վերապրեք կրկին ու կրկին, այն ներառեք այս ամառվա փորձառության մեջ:
14. Ամառը կախարդանք է: Առավոտվա առկայծող արևի լույսի ժամանակ ու ամառային շոգ երեկոներին երազեք այն մասին, թե ինչպիսին կարող է և պետք է լինի կյանքը: Ձեզնից կախված ամեն բան արեք, որ ձեր երազանքի ճանապարհին հանկարծ չհանձնվեք:
15. Լավը եղեք: