Ում են փորձում գլխավոր մրցակից դարձնել Տիգրան Ավինյանին
Ում են փորձում գլխավոր մրցակից դարձնել Տիգրան Ավինյանին
Iravunk.com-ը գրում է.Տպավորություն է, որ ընդդիմության արգանդը չորացել է, եւ նիկոլականների դեմ պայքարելու կադրերի «քաստինգն» անցկացվում է նախկին նիկոլականների միջեւ:
Մինչ տիտղոսային ընդդիմությունը լռում է, թե ովքեր են լինելու Երեւանի իրենց քաղաքապետի թեկնածուն, նրանց իսկ լուռ համաձայնությամբ` քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին գլխավոր մրցակից դարձնել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին:
Այդ մասին արդեն իսկ ակնարկել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա, իրենց կուսակցության հավանական քաղաքապետի թեկնածուների մասին խոսելով, նշել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի եւ Վիկտոր Մնացականյանի անունները` ընդգծելով, որ վերջինը իրենց համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է:
Բնական է, հավանականությունը քիչ է, որ Մանե Թանդիլյանը կդառնա Երեւանի քաղաքապետի թեկնածու, քանի որ նա արդեն իսկ երկու անգամ իր պաշտոնը կիսատ է թողել` առողջական խնդիրներով պայմանավորված (նախ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատը վայր դրեց, ապա ազատվեց Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից):
Հետեւապես, դժվար թե, կարողանա վստահություն ներշնչել երեւանցիներին, որ այս անգամ էլ քաղաքապետի պաշտոնը կեսից չի թողնի: Մինչդեռ Վիկտոր Մնացականյանը ակտիվ գործի է անցել այս ուղղությամբ: Նա ոչ միայն գերակտիվ բարձրաձայնում է երեւանյան խնդիրների մասին` չխնայելով նախկին թիմակիցներին, այլ նաեւ հանրային դասախոսություններով է հանդես գալիս «Մարդամոտ քաղաք» խորագրի ներքո:
Ըստ շրջանառվող լուրերի` Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր, «Ջազվեի» սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի զարմիկ Վիկտոր Մնացականյանն իր թեկնածության պաշտպանության հարցում հույս է դրել, ինչպես մոսկովյան եւ արցախյան կապերի վրա, այնպես էլ Հայկ Մարությանի թիմի ու կենտրոնաբնակ «ավտարիտետի» վրա:
Ավելին` չի բացառվում, որ տակից նրան սատարեն նաեւ որոշ նիկոլականներ, որոնք այդպես էլ յուրային չընկալեցին Տիգրան Ավինյանին եւ նրա մեջ շարունակում են տեսնել Նիկոլ Փաշինյանին գլխավոր մրցակից` զգուշանալով ավինյանականների թիմից:
Մանրամասները՝ Iravunk.com-ում