Ուղևորն ուշացող օդաչուի փոխարեն նստել է ինքնաթիռի ղեկին ու իրականացրել չվերթը
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռի ուղևորն ուշացող օդաչուի փոխարեն նստել է EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ղեկին ու ուղևորներին բարեհաջող հասցրել նշանակման վայր: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ՄԵծ Բրիտանիայից Իսպանիա մեկնող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է 2 ժամով:
Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռի օդաչուն չի կարողացել հասնել Մեծ Բրիտանիա՝ Ֆրանսիայում մի շարք չվերթների հետաձգումների ու չեղարկումների ֆոնին:
Պարզվել է, որ օդաչուի պարտականությունները ստանձնած ուղևորը նույն ընկերության որոկավորված օդաչու է եղել, որն այդ ժամանակ արձակուրդի մեկնելիս է եղել: Տեսնելով օդաչուի ուշանալու հետևանքով առաջացած իրավիճակը՝ նա կապվել է ընկերության գլխավոր գրանսենյակի ներկայացուցիչների հետ ու առաջարկել կառավարել ինքնաթիռը:
Որոշ կարգավորումներից հետո ընկերության ղեկավարությունը համաձայնություն է տվել: Տղամարդը դուրս է եղել ուղևորների առջև ու հայտնել ստեղծված իրավիճակի մասին՝ նրանց հանկարծակիի չբերելու համար:
Որոշ ժամանակ անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Իսպանիայի Ալիկանտե քաղաքում: