Ուկրաինայի Սլավուտիչ քաղաքում հայ քաղաքացիները շրջափակման մեջ են հայտնվել
Ուկրաինայի Սլավուտիչ քաղաքում հայ քաղաքացիները շրջափակման մեջ են հայտնվել
Hetq.am-ը գրում է․ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։
Բելառուսի սահմանից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է շուրջ 25 հզր մարդ՝ այդ թվում նաև հայեր։ Քաղաքը կառուցվել է 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տեղահանված մարդկանց բնակեցնելու համար։ Այն 40 կմ է հեռու Չեռնիգով քաղաքից, որը այս օրերին ռուսական կողմը պարբերաբար հրիթառակոծում է։
Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։
«Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։ Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։
Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։
Սլավուտիչում բնակիչները ինքնուրույն են փորձում հաց հայթայթել՝ հիմնականում քաղաքին հարակից գյուղեր գնալով ու գյուղացիներից մթերք խնդրելով։
«Էսօր մի կերպ վառելիք ենք ճարել, գնացել 5 կմ հեռու մի գյուղից թեփի ալյուր ենք բերել, բաժանել հայ ընտանիքներին, որ գոնե ամեն մեկը մի կամ երկու հաց թխեն, ապրեն,- ասում է Կարեն Շահբազյանը, -գնում ենք գյուղեր, դիմում ենք, մարդիկ մեզ հասկանում են, մի կես պարկ ալյուր, մի պարկ կարտոֆիլ են տալիս, բայց էդ մարդկանց պաշարն էլ անվերջ չի, իրենք էլ են հասկանում, որ պատերազմ ա․ վաղը իրենք էլ չեն ունենա»։
Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։
«Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։
Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։