Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ, հակառակորդի առաջխաղացումները հետ են մղվել
Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ, հակառակորդի առաջխաղացումները հետ են մղվել
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։
«Առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով:
Մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ:
Հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները եղել են համեմատաբար ավելի թեթև լարվածության:
Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ։
Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։
Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակողական գործողություններ իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի հանրապետության սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել:
Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում։ Այստեղ ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»: