Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինծառայողների համար հաց տեղափոխող ավտոմեքենան
Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինծառայողների համար հաց տեղափոխող ավտոմեքենան
Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են հայ զինծառայողների համար հաց տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ այսօր արդեն ավտոմեքենային ուղեկցել են հայ և ռուս սահմանապահները։
«Գումար չեն պահանջել, շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել»,-ասաց փոխքաղաքապետը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Գորիս- Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարներ են կրկին կուտակված, սակայն քիչ քանակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել:
Նրանք իրանական բեռնատարների ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր և գումար պահանջում իրանցի վարորդներից,ինչի հետևանքով անցակետում կուտակումներ են առաջանում, իսկ սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապանին ադրբեջանցիները 2 իրանցի վարորդի են ձերբակալել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանց տեղափոխել են Բաքու՝ լրտեսության կասկածանքով։
Երեկ արդեն իրանցի վարորդները փորձում էին շրջանցել Գորիս-Կապան ճանապարհը եւ Տաթեւի ճանապարհով իրականացնել բեռնափոխադրումները։