ՄամուլՕգտակար

Որո՞նք են կարմրուկի նշանները և ինչպես պաշտպանվել վիրուսից

Որո՞նք են կարմրուկի նշանները և ինչպես պաշտպանվել վիրուսից

Կարմրուկ, մանկական բարենպաստ վիրուսային վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով։

Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ Այն ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ուղիով: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով անհնար է:

Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին երեք օրվանից սկսած մինչև ցանավորման 5-րդ օրը, իսկ կարմրուկային թոքաբորբի դեպքում մինչև 15-րդ օրը:

Կարմրուկը ամենաբարձր վարակելիության աստիճան ունեցող ինֆեկցիան է, այն է հիվանդի հետ շփում ունեցած և համապատասխան իմունիտետ չունեցող անձիք գրեթե 100% հավանականությամբ կարող են վարակվել կարմրուկով:

Որո՞նք են կարմրուկի նշանները

Գանգատները տարբեր են կարմրուկի նշանների տարբեր շրջաններում.

Գաղտնի շրջանը անցնում է առանց որևէ գանգատի և տևում է 9-21 օր:

Կատառալ կամ նախանշանների շրջան. տևում է 3-4 օր, բնորոշ է ջերմության բարձրացում մինչև 39 աստիճան և ավելի, չոր, տանջող հազ, քթի բռնվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, կոպերի այտուց, լուսավախություն, անքնություն: Երբեմն նկատվում է սրտխառնոց, փսխում, լուծ:

Ցանավորման շրջան. տևում է 3-4 օր: Առաջանում է ցան բծավոր, թմբիկավոր բնույթի: Ցանը էտապային է, սկզբում լինում է դեմքի վրա, ականջների ետևում, ապա տարածվում է պարանոցի, իրանի և վերջույթների վրա:

Պատվաստում ստացած երեխաների մոտ կարմրուկը ընթանում է թույլ արտահայտված ախտանիշներով, ոչ առատ ցանով, կարճատև:

Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ առկա են կարմրուկի նշաններ

Եթե ձեր երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ, անհրաժեշտ է երեխային մեկուսացնել և դիմել տեղամասային մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին: Եթե կարմրուկի նշանները զուգակցվում են բարդությունների ախտանիշների հետ, ապա երեխային անհապաղ պետք է տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:

Ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը տնային պայմաններում

Մանրամասն բուժումը կնշանակի բժիշկը: Ծնողները պետք է հետևեն բժշկի խորհուրդներին և իրականացնեն երեխայի խնամքը: Դա նշանակում է.

պահպանել անկողնային ռեժիմ ողջ տենդային շրջանում

պաշտպանել երեխային ուղղակի լույսի ազդեցությունից

տալ մեծ քանակությամբ հեղուկներ

հաճախակի լվանալ ձեռքերը և դեմքը

աչքերը օրը 1-2 անգամ լվանալ գոլ ջրով, իսկ բերանը ողողել ամեն ուտելուց հետո

բարձր ջերմության դեպքում` տալ ջերմիջեցնողներ

Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից

Կարմրուկի զարգացումը կարելի է կանխել համապատասխան պատվաստումով: Մեր երկրում, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, այն պարտադիր կատարվում է 12 ամսականում և 6 տարեկանում (կարմրախտի և էպիդեմիկ պարոտիտի հետ միասին):

Իսկ եթե Ձեր շրջապատում կամ ընտանիքում կա որևէ հիվանդ, որի մոտ կասկածվում է կարմրուկ, ապա նրան պետք է անհապաղ մեկուսացնել և տեղեկացնել Ձեր մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին:

Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է։ Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի։

Կարմրուկն ունի պարբերականություն՝ 8-10 տարին մեկ անգամ։ Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին։

Կիսվել